Վարդան Մինասյան. «Այս խաղում երկու դրական բան կար» (Լուսանկարներ)
Սպորտ
22:44 14/11/2012

Վարդան Մինասյան. «Այս խաղում երկու դրական բան կար» (Լուսանկարներ)

Հայաստան-Լիտվա ընկերական խաղից հետո մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ 4:2 հաշվով տոնած հաղթանակը շատ կարևոր է հոգեբանական առումով: 

«Այս խաղում 2 դրական բան կար: Նախ` հաշիվը, որն առաջին հերթին կարևոր է հոգեբանական առումով, երկրորդը` մենք փորձարկումներ կատարեցինք ձախ պաշտպանի ու հենակետային կիսապաշտպանի դիրքերում, և ես դրական տպավորություններ ունեմ:

Էդգար Մանուչարյանը կարող էր շարունակել խաղը, չնայած թեթև վնասվածք ուներ, սակայն մենք որոշեցինք ռիսկի չդիմել և փոխարինեցինք նրան»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Վարդան Մինասյանը նորեկների խաղին կոնկրետ գնահատական չտվեց` նշելով, որ նրանք դեռ շատ աշխատանք ունեն կատարելու` վարպետությունը կատարելագործելու համար: Այդուհանդերձ զգացվում էր, որ նա գոհ է հատկապես Կամո Հովհաննիսյանի խաղից:

Մարզիչն ավելացրեց նաև, որ այսօր իր հրաժեշտի հանդիպումն անցկացրած Սարգիս Հովսեփյանն այսուհետ հետևելու է արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների խաղին և տեղեկատվություն է հաղորդելու մարզչական շտաբին: Մասնավորապես` լեգենդար պաշտպանը շուտով գործուղվելու է Ռուսաստան` հետևելու այդ երկրի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկոսովի խաղին:



Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի

Placeholder
Վարդան Մինասյան. «Այս խաղում երկու դրական բան կար» (Լուսանկարներ)