Աստղագետ աշակերտներին ընդունել են ԳԱԱ-ում
Կրթություն, գիտություն
10:44 15/11/2012

Աստղագետ աշակերտներին ընդունել են ԳԱԱ-ում

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ընդունել է աստղագիտության միջազգային օլիմպիադայի մասնակից դպրոցականներին:

Հիշեցնենք, հոկտեմբերի 16-24-ին Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում տեղի ունեցած աստղագիտության 17-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի աշակերտները նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ, ինչպես նաև 2 հատուկ մրցանակ: ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվ. ֆիզմաթ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանն արժանացել է ոսկե, ՀՊՃՀ ավագ դպրոցի սան Արսեն Վասիլյանը՝ արծաթե, ֆիզմաթ դպրոցի սաներ Սիրանուշ Բաբախանովան և Վարդգես Մամբրեյանը՝ բրոնզե մեդալների, ընդ որում Գևորգ Մարտիրոսյանը նաև նվաճել է օլիմպիադայի բացարձակ հաղթողի մրցանակին: Օլիմպիադային մասնակցել են նաև Լևոն Ստեփանյանը և Վահան Ասլանյանը, ովքեր պարգևատրվել են մասնակցի դիպլոմներով և նույնպես մեդալների հավակնորդներ են եղել: Թիմի ղեկավարներն են Մարիետա Գյուլզադյանը և Տիգրան Նազարյանը:

ԳԱԱ հանդիպմանը ներկա էին բոլոր վեց մասնակիցները, թիմի ղեկավար Մարիետա Գյուլզադյանը, ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը և Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը:

Հայկական աստղագիտական ընկերության հաղորդմամբ, տեղի է ունեցել զրույց աստղագիտական օլիմպիադայի, Հայաստանում աստղագիտության վիճակի և խնդիրների մասին:
Օլիմպիադայի մասնակիցներին և ղեկավարներին հանձնվել են սիրողական աստղադիտակներ, աստղագիտական գրքեր, քարտեզներ և օրացույցներ: Պատանի կադրերի պատրաստման, հանրապետական և միջազգային աստղագիտական օլիմպիադաներում ֆիզմաթ դպրոցի սաների ակնառու հաջողությունների համար ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանն արժանացել է ՀՀ ԳԱԱ հատուկ շնորհակալագրի:

Placeholder
Աստղագետ աշակերտներին ընդունել են ԳԱԱ-ում