Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լևոն Զուրաբյան.«Քաղաքականության մեջ հավատարմության մասին խոսելը ծիծաղելի է»
«Մեզ ոչ ոք ոչինչ խոսք չի տվել, հավատարմության երաշխիքներ չի տվել, քաղաքականության մեջ նման բաների մասին խոսելը ծիծաղելի է: Փորձում ենք անել այն, ինչ ժողովուրդը սպասում է. կստացվի դրան հասնել, ավելի լավ, չի ստացվի` մենք մեր ուժերով կանենք»,- այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հարաբերությունների ներկա մակարդակի մասին` հայտարարեց Հայ ազգային կոնգրսի համակարգող, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Ըստ բանախոսի` ծավալվող համագործակցությունն ինչ-որ հույս է ներշնչում, բայց պետք չէ հավատալ ինչ-որ խոսքերի կամ քաղաքական ուժերին:
«Քաղաքականության մեջ առաջնորդվում են շահերով, և մենք տեսնում ենք, որ քաղաքական այս ուժը և էլի որոշ ուժեր ունեն այս ռեժիմից ազատվելու շահ»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելը, Կոնգրեսի համակարգողն ասաց. «Նրանք ազատվում են առկա կաշկանդվածություններից, որոշ նշաններ էլ կան, որ չեն ազատվել, հիմա թե ինչ կլինի վերջում, երաշխիք չի կարող տալ ոչ մեկ»:
Ըստ Լ. Զուրաբյանի` եթե քաղաքական ուժերի համախմբման շանս կա, որի միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխության, ապա բոլոր հնարավոր տարբերակներով պետք է օգտագործել այդ շանսը:
Այն հարցին, թե արդյոք կսատարի՞ ՀԱԿ-ը «Բարգավաճ Հայաստանին» եթե վերջինս նախագահական ընտրություններին առաջարկի Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը որպես ընդդիմության միասնական թեկնածու, պատգամավորն ասաց. «Մենք նման հարց չենք քննարկել»:
Լրագրողները հիշեցրեցին Լ.Զուրաբյանին, որ ժամանակին Կոնգևեսի ներկայացուցիչները անվանում էին ԲՀԿ-ն «քրեաօլիգարխիկ» կառույց, և հարցրին, թե ինչ է փոխվել այսօր: «ԲՀԿ-ն դուրս է եկել այս ռեժիմից: Նա քրեաօլիգարխիկ համակարգի մի մասն էր կազմում, և հիմա, հուսով ենք, փոխվել է», - ասաց նա` միաժամանակ նաև նշելով, որ Գագիկ Ծառուկյանին օլիգարխ անվանելն անհիմն է: