Ի.Կոբզոն. Ուր էլ որ հայ եմ հանդիպում, միշտ հիշում եմ Հայաստանը և Սուրբ Էջմիածինը
Մշակույթ
18:00 21/11/2012

Ի.Կոբզոն. Ուր էլ որ հայ եմ հանդիպում, միշտ հիշում եմ Հայաստանը և Սուրբ Էջմիածինը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ, Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն այսօր ընդունել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ողջունելով տիար Կոբզոնի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նաթան Սրբազանը նրան է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ողջույններն ու բարեմաղթանքները:

Իր խոսքում Սրբազան Հայրը գոհունակությամբ է անդրադարձել Հայաստան այցի նպատակին` Երևանում կայանալիք բարեգործական համերգին` ընդգծելով նաև, որ բարեգործությունը հիմնական նպատակն է քրիստոնեության առաքելության: Այս առիթով Նաթան Սրբազանը շնորհակալություն հայտնել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ Իոսիֆ Կոբզոնի կողմից մշտապես ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար` մաղթելով Երկնավորի զորակցությունը նրա աստվածահաճո նախաձեռնություններին:

Իր հերթին Իոսիֆ Կոբզոնը, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ այցի առիթով, նշել է, որ հպարտ է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստացված շքանշանի համար և ուր էլ որ հայ է հանդիպում, միշտ հիշում է Հայաստանը և Սուրբ Էջմիածինը:


 

Placeholder
Ի.Կոբզոն. Ուր էլ որ հայ եմ հանդիպում, միշտ հիշում եմ Հայաստանը և Սուրբ Էջմիածինը