ԵՊՀ-ում դասադուլից հետո ջեռուցումը միացվեց
Կրթություն, գիտություն
13:00 21/11/2012

ԵՊՀ-ում դասադուլից հետո ջեռուցումը միացվեց

Այսօր ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին հայտարարել` պատճառաբանելով, թե լսարաններում ցուրտ է ու նստել չի լինում: Նրանք դիմել են բուհի ղեկավարությանը` հասկանալու, ինչու նոյեմբերի 21-ի դրությամբ միացված չէ ջեռուցման համակարգը:

«Դասախոսները օգնեցին մեզ դասադուլ կազմակերպել ցրտի պատճառով»,-Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել էր ուսանողներից մեկը:

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Կարեն Գրիգորյանի խոսքով, նախորդ տարիներին բուհի ջեռուցման համակարգը միացվել է նոյեմբերի 15-ից: Այս տարի քանի որ եղանակը տաք է, որոշել են մի քիչ ուշ անցնել ջեռուցման:
«Արդեն մի քանի օր է` փորձարկումներ են արվում: Կարծում եմ, ամենուշը հինգշաբթի օրվանից նորմալ ջեռուցում կլինի»,-ասաց Կ. Գրիգորյանը:

Վարչությունից վայրկյաններ առաջ զանգեցին ու հայտնեցին, որ բուհի մասնաշենքներն արդեն ջեռուցվում են, իսկ մյուս ֆակուլտետներում դասերը նորմալ ընթանում են:

 Նկարը` Ֆեյսբուքից:

Placeholder
ԵՊՀ-ում դասադուլից հետո ջեռուցումը միացվեց