Իոսիֆ Կոբզոն. Մեծ հարգանք եմ տածում հայ ժողովրդի նկատմամբ
Մշակույթ
16:46 22/11/2012

Իոսիֆ Կոբզոն. Մեծ հարգանք եմ տածում հայ ժողովրդի նկատմամբ

«Ես շատ ուրախ եմ, որ կրկին Երևանում եմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր խոսքն այսպես սկսեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրահայտ երգիչ Իոսիֆ Կոբզոնը: Նա նաև նշեց. «Հայաստանի հետ ինձ շատ բարի հիշողություններ է կապում»: Երգիչն հիշեց իր հայ ընկերներին:

Երգիչը պատմեց, թե ինչպես է հումանիտար օգնություն բերել Հայաստան` Սպիտակի երկրաշարժից հետո, «սովի ու ցրտի» տարիներին: «Մեծ հարգանք եմ տածում բազմաչարչար այս ազգի նկատմամբ»,- ընդգծեց Ի. Կոբզոնը:

Նշենք, որ այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Իոսիֆ Կոբզոնի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի երևանյան համերգը: Համերգը իրականացվում է «Սոզվեզդիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգից ստացված հասույթը կուղղվի ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործող Երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամին` Գյումրու երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերման նպատակով:

Համերգի ընթացքում մեծանուն երգչի կատարմամբ կհնչեն Ա. Բաբաջանյանի, Ալ. Պախմուտովայի, Գ. Մովսիսյանի, Ա. Ֆլյարկովսկու, Ա. Օստրովսկու, Է. Կոլմանովսկու, Մ. Ֆրադկինի, Յան Ֆրենկելի և այլ ճանաչված կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործություններ:

Համերգին կմասնացեն ՌԴ ՆԳ նախարարության Ներքին Զորքերի երգ ու պարի անսամբլը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՌԴ ժող. արտիստ, գեներալ-մայոր Վիկտոր Ելիսեև/, Մոսկվայի «Ռեսպուբլիկա» խումբը, դաշնակահար Ալ. Եվսյուկովը, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ն. Բուչինսկայան: Շնորհավորական ելույթներով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստներ Կամո Սեյրանյանը և Արման Հովհաննիսյանը:

Ի. Կոբզոնը բազմիցս համերգներ է տվել Երևանում, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր է: Նա հանդես է եկել հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Նա իր ստեղծագործական գործունեության ընթացքում համերգներ է ունեցել աշխարհի 100 երկրում: Նա Ռուսաստանի գինեսի ռեկորդակիր է` ճանաչվել է երկրի ամենաշատ տիտղոսակիր արտիստը:

Placeholder
Իոսիֆ Կոբզոն. Մեծ հարգանք եմ տածում հայ ժողովրդի նկատմամբ