Բակո Սահակյանը` համանախագահներին. Բանակցային գործընթացին ամենալուրջ վնասն է հասցվել
Քաղաքական
13:07 22/11/2012

Բակո Սահակյանը` համանախագահներին. Բանակցային գործընթացին ամենալուրջ վնասն է հասցվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է նախօրեին Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/, Ժակ Ֆորին /Ֆրանսիա/ և նրանց ուղեկցող անձանց:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Հայ սպային նենգաբար կացնահարած հանցագործի հերոսացումը Ադրբեջանում, այդ պետության կողմից մարդասիրական հարցերի քաղաքականացումը և ռազմատենչ ու ահաբեկչական հռետորաբանությունը Բակո Սահակյանը որակել է անթույլատրելի` հավելելով, որ դա բանակցային գործընթացին հասցրած ամենալուրջ հարվածներից է: Այս համատեքստում երկրի ղեկավարը կոչ է արել համապատասխան քայլեր ձեռնարկել Ադրբեջանին կառուցողական հուն բերելու ուղղությամբ:

Նախագահ Սահակյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնմանը:

Բակո Սահակյանը հերթական անգամ վերահաստատել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն հաշվի առնելով առկա իրողությունները, կենտրոնանալով դրդապատճառների, այլ ոչ թե հետևանքների վերացման վրա` նշելով, որ անցյալին վերադառնալու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:

Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Բակո Սահակյանը` համանախագահներին. Բանակցային գործընթացին ամենալուրջ վնասն է հասցվել