Լ. Զանյեր. Կողմերը վստահեցրել են, որ կմերժեն քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ցանկացած սպառնալիք
Քաղաքական
13:45 22/11/2012

Լ. Զանյեր. Կողմերը վստահեցրել են, որ կմերժեն քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ցանկացած սպառնալիք

Մադրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այլընտրանք չունի: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, ինչպես նաև 2012թ. հուլիսին Հարավային Կովկաս կատարած այցի արդյունքներին, «1news.az» լրատվական գործակալության հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը:

«Ես շատ լուրջ քննարկումներ եմ ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հուլիսին տարածաշրջան կատարած այցի ընթացքում: Ես նաև հանդիպումներ եմ ունեցել արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի հետ:

Մտքերը, որ ես փորձեցի հասցնել երկու ԱԳ նախարարներին էլ, հետևյալն էին:

Առաջին՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն այլընտրանք չկա։

Երկրորդ՝ նման որոշման անհրաժեշտ նախադրյալ են հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը, շփման գծից դիպուկահարների հետ քաշելը, պատասխան քայլերից և ռազմատենչ հայտարարություններից զերծ մնալը:

Երրորդ միտքը, որ ես ցանկանում էի հասցնել կողմերին, այն էր, որ ոչ մի արտաքին ակտոր՝ ԵԱՀԿ-ն կամ մեկ այլ միջազգային ակտոր, չի կարող հանգուցալուծել հակամարտությունը կամ որոշում պարտադրել։ Հակամարտության լուծման համար անհրաժեշտ է քաղաքական կամք, գործընթացի նկատմամամբ հետևողական մետեցում և հակամարտող կողմերի պատասխանատվություն:

Այցը տարածաշրջան հաստատեց իմ այն համոզմունքը, որ իրավիճակը շարունակում է սպառնալ տարածաշրջանում կայունությանը և խոչընդոտում է տնտեսական և սոցիալական զարգացմանը: Որքան երկար է հակամարտությունը մնում չլուծված, այնքան դժվար է դառնում քաղաքական փոխզիջման հասնելն ու տարաձայնությունները հաղթահարելը, այդ թվում մարդկանց գիտակցությունում։ Այսօրվա երիտասարդությունը արդեն չունի այն կյանքի փորձը, երբ հակամարտություն չկար»,- նշել է Լամբերտո Զանյերը:

Բանախոսը իր մտահոգությունն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում «շոշափելի առաջընթացի» բացակայության կապակցությամբ:

«Ես լիովին աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի Խմբի և նրա համանախագահների ջանքերին: Շատ կարևոր է վերադառնալ բանակցությունների էությանը և շարունակել հիմնախնդրի խաղաղ լուծմանը միտված աշխատանքները»,- նշել է Լամբերտո Զանյերը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ լիովին աջակցում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը: Ըստ բանախոսի դա միակ ձևաչափն է, որը պետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:
Բանախոսը շեշտել է, որ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որի վերաբերյալ հակամարտության կողմերը համաձայնության են եկել, և ձևաչափի ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի կողմերի հետ: Սակայն, ըստ նրա, կարիք չկա գործընթացում ներգրավել մեծ թվով երկրներ ու կազմակերպություններ:

Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի բացման թեմային, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է. «Ես գիտեմ, որ դա նույնպես վիճելի հարց է, որը հարկավոր է քննարկել: Իմ հիմնական անհանգստությունը` դարձյալ և դարձյալ, անվտանգության հարցերն են: Այս տարվա հուլիսին, տարածաշրջան իմ այցից անմիջապես հետո, կողմերը վստահեցրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ կմերժեն քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ցանկացած սպառնալիք և այդ հարցերով կզբաղվեն դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով, ինչպես նաև ձեռնպահ կմնան հարցի քաղաքականացումից: Տվյալ պարտավորությունների կատարումն անհրաժեշտություն է»:

Placeholder
Լ. Զանյեր. Կողմերը վստահեցրել են, որ կմերժեն քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ցանկացած սպառնալիք