Սամվել Կարապետյանը անթույլատրելի է համարում հուշարձաններն իրենց ծննդավայրից բաժանելը
Մշակույթ
14:45 26/11/2012

Սամվել Կարապետյանը անթույլատրելի է համարում հուշարձաններն իրենց ծննդավայրից բաժանելը

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում
մտահոգություն է հայտնել Հայաստանի մարզերից Երևան տեղափոխվող հուշարձանների խնդրի վերաբերյալ: Նա անթույլատրելի է համարում հուշարձաններն իրենց ծննդավայրից բաժանելը:

Ս. Կարապետյանը Երևան տեղափոխված և այլևս հետ չվերադարձված հուշարձանների մի շարք օրինակներ է բերել՝ կոչ անելով իրականացնել դրանց վերադարձի ծրագիր:
Հուշարձանագետի խոսքերով, քաղաքակիրթ աշխարհը վաղուց հրաժարվել է հուշարձան տեղափոխելու պրակտիկայից:

Նշենք, որ կառավարությունը սեպտեմբերի 13-ին ընդունել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» որոշում, որը ներկայացրել էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախարարությանը նման առաջարկով դիմել էր Հայաստանի պատմության թանգարանը: Որոշման համաձայն, Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու մարզերից Երևան էին տեղափոխվելու 63 պատմաճարտարապետական կոթողներ, որոնք պետք է այդտեղ մնան մինչև 2016 թվականը` այնուհետև վերադարձվեն իրենց գտնվելու վայրերը:

Որոշման մեջ նաև նշված է նպատակը. «Հետևողական և նպատակադիր նախանձախնդրությամբ Հայաստանի տարբեր հնավայրերից հավաքաված և Հայաստանի պատմության թանգարան բերված կոթողները կնպաստեն հասարակության կողմից մեր ժառանգության նկատմամբ նորովի վերաբերմունքի արտահայտմանը, կիրառական արվեստի ճյուղերի զարգացմանը և նրանց լիարժեք դրսևորմանը:...
Հուշարձանների պահպանությունը բաց երկնքի տակ, անգամ հսկողության ներքո, չի երաշխավորում դրանց անխաթարությունը, չի փրկում բնական քայքայումից: Սույն նախագծով ներկայացված հուշարձանների մի մասն արդեն իսկ վնասված է, կոտրված, տապալված, հողի մեջ թաղված, երեսնիվայր ընկած մասնավոր հողամասերում: Ընտրված հուշարձանների մեծ մասը տեղահանված է իր ստեղծման վայրից, և շարժական լինելը վտանգում է դրանց ամբողջականությունը և պահպանությունը դարձնում անվերահսկելիե: Որոշման ընդունումը պայմանավորված է մշակութային ժառանգության պահպանման և հանրությանը ներկայացման անհրաժեշտությամբ
»:

Բնապահպանները նույնպես դեմ են հուշարձանները Երևան տեղափոխելու այս որոշմանը: Իսկ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանն էլ իրենց մտադրությունը հիմնվորել է, որ հասարակության ուշադրությունը կուղղվի տարբեր վայրերում պահպանվող հուշարձանների նկատմամբ ճանաչողության դրսևորմանը, որը կնպաստի նաև դրանց պահպանության խնդիրներին, հուշարձանների վերաարժևորումը կխթանի զբոսաշրջությանը` այցելուններին ուղղորդելով դեպի մարզեր:

Placeholder
Սամվել Կարապետյանը անթույլատրելի է համարում հուշարձաններն իրենց ծննդավայրից բաժանելը