Կ. Մանոյան. Պետք է ակտիվացնել ԼՂՀ ճանաչմանն ուղղված ճիգերը
Քաղաքական
14:40 28/11/2012

Կ. Մանոյան. Պետք է ակտիվացնել ԼՂՀ ճանաչմանն ուղղված ճիգերը

«Համանախագահների տարածաշրջան այցելությունը ցույց տվեց, որ բանակցությունները մտել են փակուղի, բայց կարծեք թե նրանց մոտ նորից համահավասարեցնելու մտադրություն կա` թե ում պատճառով են բանակցությունները մտել փակուղի»,- այսօր անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Բանախոսը նաև կարծիք հայտնեց, որ այդուհանդերձ համանախագահող երկրները փորձում են բանակցությունները վերսկսել, հավանաբար, պատերազմի հավանականությունը նվազեցնելու համար:

Նա տարածաշրջանային անվտանգության առումով մտահոգիչ հանգամանք է համարում նաև թուրք-սիրիական սահմանի մոտ հնարավոր անհանգստությունը և Իրանի դեմ պատերազմի սկսումը, թեև վերջինը, ըստ բանախոսի, քիչ հավանական է:

Այս ֆոնին Կ. Մանոյանը համոզված է, որ «Հայկական կողմին` ՀՀ, ԼՂՀ կամ ընդհանրապես հայությանը, մնում է ակտիվացնել ճիգերը` ԼՂՀ ճանաչման ուղղությամբ: Դա կլինի ամբողջական ճանաչում, մասնակի ճանաչում, նահանգների, քաղաքների, թե պետությունների մակարդակով ճանաչում, այդ բոլորը պետք է անպայման ակտիվացնել»:

Բանախոսն անդրադարձավ նաև օրերս Բաքվում տեղի ունեցած Ասիական քաղաքական կուսակցությունների 7-րդ միջազգային համաժողովին հայկական պատվիրակության մասնակցության խնդրին և նշեց, որ պետք է մասնակցելուց առաջ հաշվի առնել, թե ինչ կազմակերպության համաժողովի ենք մասնակցում. «Ինչպես փաստը ցույց տվեց, այդ կազմակերպությունն ամբողջությամբ Ադրբեջանի ազդեցության տակ է: Կարծում եմ, նման ժողովների մասնակցելն այնքան էլ ճիշտ չէ»,- հավելեց Կ. Մանոյանը:

Placeholder
Կ. Մանոյան. Պետք է ակտիվացնել ԼՂՀ ճանաչմանն ուղղված ճիգերը