Աշխարհի երիտասարդական առաջնությունը Երևանում բացված է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Աշխարհում
19:00 28/11/2012

Աշխարհի երիտասարդական առաջնությունը Երևանում բացված է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Այսօր Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Աշխարհի 68 երկրների ավելի քան 600 մարզիկներ առաջիկա մոտ տաս օրվա ընթացքում կվիճարկեն ուժեղագույնների կոչումը 10 քաշային կարգում:

Ողջունելով հյուրերին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը հայտարարեց, որ աշխարհի երիտասարդական առաջնության կազմակերպման իրավունքը Հայաստանին տրվել է այն բանի շնորհիվ, որ մեր երկիրը լավագույն կերպով է կազմակերպել աշխարհի պատանեկան առաջնությունը: ԱԻԲԱ-ի նախագահը այն ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատուհան է բացում դեպի աշխարհ և այսօր ևս մեկ հնարավորություն ունենք ավելացնելու այդ պատուհանների թիվը:

Պարոն Մուրադյանը նշեց նաև, որ բոլոր աշխատանքները իրականացված են և աշխարհի երիտասարդական առաջնությունը խոստանում է անցնել հետաքրքիր ու լարված պայքարում: Նա ավելացրեց նաև, որ այս օրերին ողջ աշխարհի ուշադրությունն է սևեռված դրա վրա և առաջնության մասնակիցները իրենց հետ Հայաստանից նաև տպավորություններ պետք է տանեն:

Այնուհետ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը առաջնությունը բացված համարելուց առաջ հայտարարեց, որ այս միջոցառմամբ Հայաստանը աշխարհին ներկայանում է ոչ միայն որպես իր մարզական, այլև մշակութային արժեքներով և հույս հայտնեց, որ մասնակիցները բարձր կարծիք կկազմեն հայկական հյուրընկալության մասին:

Վերջում մեկական մարզիկ և մրցավար երդվեցին հավատարիմ լինել մարզական արդար խաղի կանոններին` ի փառս սպորտի, որից հետո սկսվեց համերգային մասը: Վաղվանից մարզիկները դուրս կգան ռինգ` որոշելու աշխարհի ապագա չեմպիոններին:
 




Լուսանկարները` Լիլիան Գալստյանի

Placeholder
Աշխարհի երիտասարդական առաջնությունը Երևանում բացված է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)