Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
chpakel, chtoxarkel))Գագիկ Խաչատյանը մոնոպոլիա՞ է ստեղծում. Գործարարի մտավախությունները ՀԴՄ-ների մասին օրինագծի վերաբերյալ
Բիզնես ոլորտում կառավարության հերթական նախաձեռնությունը մտավախություններ է առաջացրել POS տերմինալներ ու հսկիչ դրամարկղային մեքենաներ ներկրող ընկերությունների շրջանում: «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում կատարած փոփոխությամբ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է ներդնել այնպիսի սարք, որն իր մեջ կներառի և ՀԴՄ-ի, և POS-տերմինալի հնարավորությունները:
Panorama.am-ի հետ զրույցում POS-տերմինալներ ներկրող ընկերություններից մեկի ղեկավարը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ այսպես կոչված նոր ՀԴՄ-ների քանակը սահմանափակ է լինելու` 50-60 հազար, ինչը «պարզապես անիմաստ է դարձնում մեր գործունեությունն այս ոլորտում»:
Կառավարության առաջարկությամբ նոր ՀԴՄ-ների տեղադրման ժամկետը երկարաձգվել է՝ 2013 թ-ի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը: Երկարաձգման նպատակն այն է, որպեսզի այդ գործընթացն ավելի սահուն իրագործվի, և տնտեսվարողները ՀԴՄ-ներ ձեռք բերելիս ժամանակային առումով խնդիրներ չունենան: 2013թ-ին ՀԴՄ-ներ կտեղադրվեն խոշոր օբյեկտներում, 2014 թ. հունվարի 1-ից՝ ԱԱՀ-ի եռամսյակային հարկ վճարողները, իսկ 2015 թ-ին՝ բոլորը` բացառությամբ այն հարկ վճարողների, որոնց համար կառավարությունը կսահմանի ցանկ: Նոր ՀԴՄ-երը պետք է ունենան չջնջվող հիշող սարք՝ նվազագույնը 128 մեգաբայթ ծավալով, օպերատիվ, հիմնական և լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն, SIM քարտի միջոցով 3G և GPRS կապուղիներով ինտերնետին միանալու և տվյալներ փոխանցելու, SIM քարտի միջոցով կոդավորման հնարավորություն և այլն:
Նկատենք նաև, որ ըստ կառավարության առաջարկության, նախատեսվում է ստեղծել ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ` Պետեկամուտների կոմիտեին կից «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման բյուրո» պետական ոչ կոմերցիոն ընկերություն, որն էլ պետք է վերահսկի ՀԴՄ-ների ներմուծումը և կազմակերպի դրանց սպասարկումը:
Մեր զրուցակից գործարարը պնդում է, որ այսպիսի փոփոխությունը ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի կողմից ստեղծվող հերթական մենաշնորհի հիմք է ստեղծում: «Մենք նորմալ մրցակիցների հետ ոչ մի անլուծելի խնդիրներ չունենք: Մրցակցությունը ցանկացած ոլորտում ընդունելի և նույնիսկ պարտադիր բան է: Մեր միակ խնդիրն է՝ ՊԵԿ-ի կողմից ստեղծվող հերթական մենաշնորհը», -ասում է գործարարը:
Մեր զրուցակցի պնդմամբ, շուկան պետք է որոշի, թե ինչպիսի տեխնիկական լուծումներ են հնարավոր և անհրաժեշտ: Նա ընդունում է, որ պետեկամուտների կոմիտեն պարտավոր է կարգավորել ոլորտը, բայց «ոչ թե հերթական մենաշնորհը ստեղծելով, այլ հակառակ՝ դաշտը առավել մրցակցային դարձնելով»: «Եվ թող այդ դեպքում հաղթի ուժեղագույնը», -նշեց գործարարը:
Նկատենք` Հայաստանի Սահմանադրությամբ, շուկայում մենաշնորհը կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են:
Գործարարի մտավախությունները, սակայն, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն անտեղի է համարում: «Օրենքի նախագիծը չի պարտադրում, որ մեքենաները ներմուծի մեկ ընկերություն: Այլ ուղղակի հսկողությունը վերապահում է Պետեկամուտների ծառայությանը: Այսինքն, նախորդ տարիների փորձը նկատի ունենալով, նրանցից օգտագործման պայմաններ է պահանջելու, թե ինչ ձևով օգտագործեն և ինչ որակի մեքենաներ լինեն», -մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը:
Այս պահին հայտնի է, որ օրենքի նախագիծն ընդգրկվել է դեկտեմբերի 3-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: Մինչ այդ այն քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Այդ քննարկումներից հետո Միքայել Մելքումյանը վստահեցնում է` օրինագիծը մենաշնորհ չի առաջացնում, հետևաբար Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն չի կարող լինել:
Իսկ եթե օրինագծով մենաշնորհն ամրապնդվի, ապա առաջինն ինքը կընդդիմանա այդ նախաձեռնությանը: «ՊԵԿ-ը վերահսկողությունն է սահմանելու, բայց շուկան մոնոպոլ չի լինելու: Ես դեմ եմ, որ մենաշնորհ լինի: Բայց որ օրենքը նայում ենք, տեսնում ենք` նման բան չի երևում: Բաներ կան, որ կառավարության նորմատիվ ակտերով կկանոնակարգվեն: Ամենայն հավանականությամբ, կառաջարկենք, որ կարգավորման մեխանիզմները երաշխիքներով տրվեն: Եթե մենաշնորհային դաշտ առաջանա, ես, իհարկե, դեմ կլինեմ», -փոխանցեց պատգամավորը:
Մեզ հետ զրուցած գործարարը հետագա անելիքների մասին չի կարող ոչինչ ասել, բայց մինչ այդ հաշվում է վնասները. «Վնասներ կրելու է ոչ միայն մեր ընկերությունը, այլ նաև պետություն՝ չէ՞ որ այս տարվա ընթացքում միան ԱԱՀ-ի ուղղությամբ մի քանի տասնյակ միլիոն դրամ ենք վճարել: Վնասները, անշուտ, մեծ են լինելու: Վնասներ են կրելու նաև այլ ընկերություններ, որոնք աշխատում են նույն ոլորտում, նաև բանկերը, որոնք մինչ այժմ արդեն տեղադրել են մոտ 5000 այդպիսի սարք, և հիմա երևի ստիտված են լինելու դրանք հետ վերցնել»:
Մտավախությունների առաջ կանգնած գործարարը գրեթե համոզված է. «եթե այս «գործով» զբաղվում է Գագիկ Խաչատրանը (նկատի ունի ՊԵԿ նախագահին-հեղ.), որևէ բան փոխելու հույսեր չկան»:
Այն, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն է զբաղվում այդ բիզնեսով, պատգամավոր Մելքումյանը խիստ կասկածելի է համարում: «Չեմ կարծում, դա էդպես մեծ բիզնես չէ: Բացարձակ նման բան չկա, ես համաձայն չեմ», -այդ առնչությամբ ասաց պատգամավորը` նկատելով, որ օրենքի նախագծի ընդունումից հետո հատուկ կարգեր կմշակվեն և դրանցով կտրվեն երաշխիքներ: