Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Վայոց Ձորի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում հրապարկվեց Մարիամ Գևորգյանի գործով դատավճիռը: Panorama.am-ին փաստաբան Նոնա Գալստյանը հայտնեց, որ դատավճռով հարսին բազմաթիվ խոշտանգումների, տանջանքների ենթարկած սկեսուրը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասով և 119 հոդվածի երկրորդ մասով, նշանակեց ազատազրկում չորս տարի:
«Դատարանը կիրառեց համաներում, 1/3-ով կրճատեց պատժի չափը, այսինքն մնաց 2 տարի 7 ամիս, դրանից էլ հանեց կալանքի տակ գտնված ժամանակահատվածը, կարելի է ասել, որ նա անազատության մեջ կմնա ընդամենը մեկ տարի»,-ասաց Մ. Գևորգյանի փաստաբանը:
Ն. Գալստյանի խոսքով, դատարանը քննության չի ենթարկել քաղաքացիական հայցը, որով տուժող կողմը պահանջում էր վնասի փոխհատուցում: Դատավճիռն այս պահին փաստաբանը չունի, հիմնավորումներին կծանոթանա մի քանի օրից:
Նոնա Գալստյանն ու Մարիամ Գևորգյանը դժգոհ են վճռից, պատրաստվում են օրենքով սահմանված կարգով առաջին ատյանի վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում:
«Անպայման բողոքարկելու ենք, և սահմանված պատժի, և քաղաքացիական հայցի մասով»,-ասաց մեր զրուցակիցը:
Ն. Գալստյանի խոսքով, սկեսուրի` Հայկանուշ Միքայելյանի ու նրա հարազատների արձագանքից կարելի էր ենթադրել, որ վճիռը սպասված էր:
Գործի նյութերից տեղեկացել էինք, որ Հայկանուշ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2005թ. դեկտեմբեր ամսից մինչև 2008թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող իրենց տանը, իր որդի Դավիթ Զիրոյանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող, Արտաշատ քաղաքի բնակչուհի Մելինե Բ.-ին առանձին դաժանությամբ, սիստեմատիկաբար դիտավորությամբ հարվածներ է հասցրել, պատճառել ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ, այն է` Մելինեին առանձին տանջանքներ և տառապանքներ պատճառելու դիտավորությամբ, պարբերաբար պատառաքաղով ծակծկել է նրա մարմնի տարբեր մասերը, քաշել է մազեր, ձեռքերով, ոտքերով, դանակով, շերեփով հարվածներ է հասցրել նրա գլխին, բռնի ուժով բացել է բերանը, աղ լցրել, ստիպել է ուտել ճաշի բոլոր մնացորդները` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող` կրծքավանդակի առաջային պատի, ձախ նախաբազկի և ձեռնաթաթի, իրանի գոտկային շրջանի սալջարդ վերքերի, գլխի ճակատային շրջանի, աջ նախաբազկի, աջ ծնկան հոդի կտրած վերքերի ձևով, մարմնական վնասվածքներ»: