Մոսկվայում տեղի է ունեցել Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի շնորհանդեսը
Մշակույթ
12:00 03/12/2012

Մոսկվայում տեղի է ունեցել Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի շնորհանդեսը

Ինտելեկտուալ գրականության «Non fiction» մոսկովյան միջազգային տոնավաճառի շրջանակներում օրերս Մոսկվայի նկարչի կենտրոնական տանը տեղի է ունեցել իտալացի հեղինակ Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի շնորհանդեսը: Այն պատմում է Ցեղասպանության ժամանակ հայկական հին ձեռագրի փրկության մասին:

Հայկական սրբության փրկության մասին պատմող գրքի ռուսերեն հրատարակությունը իրականացել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության և Մոսկվայում Իտալական մշակույթի ինստիտուտի համատեղ ջանքերով: Սա Իտալիայում այս տարվա ընթացքում արդեն երեք վերահրատարակություն ունեցած գրքի առաջին թարգմանությունն է:

«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության մամուլի ծառայության հաղորդմամբ, շնորհանդեսի ժամանակ հանդես եկան Մոսկվայում Իտալիայի դեսպանության խորհրդական, Իտալական մշակույթի ինստիտուտի տնօրեն Ադրիանո Դել Աստան, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, իտալական մատենաշարի վարող Մարինա Արիաս-Վիխիլը, գրքի թարգմանիչ Վարդուհի Խալպախչյանը: Նրանք ընդգծեցին հեղինակի ստեղծագործությունների նշանակությունը տարբեր երկրների լայն լսարանին հայոց պատմության էջերի, հայերի բնավորության և ձգտումների ներկայացման հարցում:

Ըստ աղբյուրի, գրքի շնորհանդեսը մեծ հետաքրքրություն էր առաջացրել «Non fiction» մոսկովյան միջազգային տոնավաճառի մասնակիցների մոտ:

Անտոնիա Արսլանի այս վեպի հինգ հերոսներից երեքը զոհվում են` փրկելով քսանութ կիլոգրամ քաշով հին ձեռագրիր «Մշո ճառընտիրը»: Նրանցից մեկը, Գոհարը, ճանապարհի վերջում մահանալով, խնդրում է, որ ձեռագրի այն մասը, որը ինքն է տանում, ժամանակավորապես թաղեն իր հետ միասին: Մի քանի տարի անց ձեռագրի երկու մասերը վերամիավորվում են: Այն ներկայումս պահվում է Մատենադարանում` իր հետ միասին պահպանելով ժողովրդի հիշողությունը ազգային սրբությունը փրկած Մշո հերոսական հայուհիների մասին:

Ցավոք, Անտոնիա Արսլանը չէր կարողացել ներկա լինել Մոսկվայում իր գրքի շնորհանդեսին: Ռուսաստանյան ընթերցողների հետ նրա հանդիպումը նախատեսվում է հաջորդ տարի ապրիլին:

Placeholder
Մոսկվայում տեղի է ունեցել Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի շնորհանդեսը