Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն 2013-ի սկզբին
Քաղաքական
11:06 07/12/2012

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն 2013-ի սկզբին

Դուբլինում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Եռանախագահների առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարվա սկզբին Հայաստանի և Արդրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Նալբանդյանի ղեկավարած պատվիրակությունը Իռլանդիա էր մեկնել` մասնակցելու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանին: Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Նշենք,  որ Դուբլինում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում նախօրեին ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները:

«Փոխզիջումների վրա հիմնված համաձայնությունների որոնման փոխարեն կողմերը ձգտում են բանակցություններում միակողմանի առավելության հասնել: Ընդունելով, որ վերջին ամիսների ընթացքում շփման գծում և սահմանի վրա լուրջ միջադեպերը նվազել են, այդուհանդերձ կողմերին հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է պահպանել 1994 թվականին ընդունված հրադադարը և այն, որ ռազմական ուժի կիրառումը խնդիրը չի լուծելու:

Մենք կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ իրենց բնակչության շրջանում թշնամություն սերմանող գործողություններից ու հայտարարություններից, որոնք վերջին ամիսներին մեծացրել են լարվածությունը: Կողմերի առաջնորդները պետք է իրենց ժողովուրդներին նախապատրաստեն կրկին ապրելու որպես հարևաններ, այլ ոչ՝ թշնամիներ՝ միմյանց մշակույթի, պատմության ու ավանդույթների հանդեպ հարգանքով»,- ասված է հայտարարության մեջ»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Placeholder
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն 2013-ի սկզբին