Շարունակվում է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի այցը Վաշինգտոն
Քաղաքական
12:43 08/12/2012

Շարունակվում է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի այցը Վաշինգտոն

Դեկտեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը այցելել է Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատուն, որտեղ նա հանդիպել է ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի և դեսպանության աշխատակցների հետ:

Հայ դիվանագետների հետ հանդիպումից հետո արտգործնախարար Միրզոյանը հանդիպել է Վաշինգտոնում գործող ամերիկահայ կազմակերպությունների և հոգևորականության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա - ադրբեջանական հակամարտության բանակցությունների ներկա փուլին առնչվող հարցեր: Նախարարը ներկայացրել է նաև երկրի համակողմանի զարգացումն ապահովելու ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը:

Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ ԱԳ նախարարը մասնակցել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով փակ քննարկմանը, որը կազմակերպել էր Միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամը` տարածաշրջանային փորձագետների, գիտնականների և Վաշինգտոնում գործող հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Placeholder
Շարունակվում է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի այցը Վաշինգտոն