Ա.Աշոտյան. Հատուկ դպրոցները վտանգավոր են, որովհետև փակ են ու պատնեշավորված (լուսանկարներ)
Կրթություն, գիտություն
13:38 12/12/2012

Ա.Աշոտյան. Հատուկ դպրոցները վտանգավոր են, որովհետև փակ են ու պատնեշավորված (լուսանկարներ)

Հատուկ դպրոցները վտանգավոր են նրանով, որ տարիներ շարունակ դրանք փակ են եղել հանրության համար և պատնեշավորված են եղել արտաքին աշխարհից: Այս մասին այսօր հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով ներկա էր Կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում 2010-11թթ-ին մշտադիտարկում իրականցնող հասարակական դիտորդական խմբի հաշվետվության ներկայացմանը:

Նախքան հաշվետվության ներկայացումը Ա.Աշոտյանը լրագրողներին ասաց, որ հատուկ դպրոցներում իրականացված ուսումնասիրությունները բացահայտել են մի շարք խնդիրներ՝ և՛ կենցաղային բնույթի, և՛ երեխաների նման հաստատություններ ընդունելու ընթացակարգերի, նրանց իրավունքների և այլնի վերաբերյալ: Մասնավորապես, նախարարը հերթական անգամ կրկնեց, որ այսօր դեռ հատուկ դպրոցներում շարունակում են սովորել երեխաներ, որոնք ոչ թե իրենց առանձնահատուկ կարիքների պատճառով են այստեղ հայտնվել, այլ ընտանիքի սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից դրդված. «Այդ երեխաներին, որոնք չունեն որոշակի խեղումներ, շեղումներ և հիվանդություն, ծնողները բերել են հատուկ դպրոց, որպեսզի պետությունը հոգա այդ երեխաների ոչ միայն կրթության կարիքը, այլև կենցաղային խնդիրները: Բայց՝ ընտանիք ունեցող երեխան պետք է վերադառնա ընտանիք և այլ հարց է, որ նրանց համար պետք է ապահովվեն սոցիալական նվազագույն պայմանները, որպեսզի ծնողները ստիպված չլինեն իրենց երեխաներին հանձնել հատուկ դպրոց»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարը նշեց, որ հաշվետվության առանցքում բարձրաձայնված խնդիրները նպատակ ունեն ապահովել ամենագլխավորը՝ թիրախային խմբի այս երեխաների իրավունքների պաշտպանությունը: Նա տհաճությամբ հիշեցրեց, որ հատուկ դպրոցները աչքի են ընկել սեռական և այլ բնույթի սկանդալային պատմությունների աղմկալի բացահայտմամբ.
«Վերջին տարիներին համապատասխան վերահսկողության շնորհիվ նման ահազանգեր մենք չունենք: Սա ինչ-որ մի միջանկյալ հաջողություն է, որի վրա կանգ առնել չի կարելի, մենք պետք է շարունակենք աշխատանքները երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ բարեփոխումների, ֆինանսական ճիշտ մեխանիզմների և այլնի օգնությամբ»,- ընդգծեց պաշտոնյան:

Նախարար Աշոտյանը նշեց նաև, որ հաշվետվությունն ու դրա քննարկումը նպատակ ունի ուսումնասիրել ներկայացված խնդիրները և առարկայական լուծումներ առաջարկել ու իրականացնել արդեն 2013թ-ին:

Հաշվետվության արդյունքները կներկայացնենք հաջորդիվ:

Placeholder
Ա.Աշոտյան. Հատուկ դպրոցները վտանգավոր են, որովհետև փակ են ու պատնեշավորված (լուսանկարներ)