Հանդբոլի, բասկետբոլի և բադմինթոնի ֆեդերացիաները հաշվետվություններ են ներկայացրել
Սպորտ
18:51 12/12/2012

Հանդբոլի, բասկետբոլի և բադմինթոնի ֆեդերացիաները հաշվետվություններ են ներկայացրել

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ա. Հակոբյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ներկայացրել է 2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը: Նա տեղեկացրել է, որ մեր մարզիկները հաշվետու ժամանակահատվածում մասնակցել են Եվրոպայի առաջնությունների, ինչպես նաև առաջին անգամ մասնակցել են լողափնյա հանդբոլի եվրոպական մրցաշարի:

Նրա խոսքերով` հանրապետական առաջնությանն արդեն 8-րդ անգամ մասնակցել է նաև Արցախը, որի պատանիների հավաքականը, արձանագրելով բավական լավ արդյունք, գրավել է 2-րդ տեղը:

«Միջոցառումներն իրականացվել են ինչպես ֆեդերացիայի այնպես էլ նախարարության աջակցությամբ, որի կողմից տրամադրվել է համազգեստ, ժամանակին կազմակերպվել է համապատասխան ֆինանսավորումը»,- նշել է գործադիր տնօրենը:

Մարզաձևում հաջողություններ են գրանցել Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Լոռու մարզերի, Արցախի և, իհարկե, Երևանի թիմերը:

Որպես 2013 թ. րնթացքում իրականացվելիք ծրագրեր` նշվել են հանրապետական մցաշարերի կազմակերպումը, մասնակցությունը եվրոպական առաջնություններին, մինի հանդբոլի մրցաշարի և «Վարչապետի գավաթի» առաջնությունների կազմակերպումը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Օրվա երկրորդ կեսին իրենց հաշվետվություններն են ներկայացրել Հայաստանի բասկետբոլի և բադմինթոնի ֆեդերացիաները:

Ըստ բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վահագ Հարությունյանի` 2012 թ. ընթացքում իրականացվել են ընդհանուր թվով 25 տարբեր միջոցառումներ՝ հանրապետական և փուլային մրցաշարեր, ուսումնամարզական հավաքներ:

Վ. Հարությունյանի խոսքերով` այսօր արդեն գործում է Լոռու մարզի բասկետբոլի ֆեդերացիան, նախատեսվում է հաջորդ տարի ունենալ նաև Շիրակի մարզի ֆեդերացիա:

«Բոլոր մարզերում էլ լավ թիմեր կան, մեր նպատակն է ակտիվացնել աշխատանքները Հայաստանի ողջ տարածքում, հատկապես` պատանիների շրջանում»,- նշել է նա` ավելացնելով, որ 2013 թ. ընթացքում ֆեդերացիայի որդեգրած քաղաքականությունը շարունակելու շնորհիվ արդեն 2015 թ. Հայաստանը կունենա մեծահասակների լավ հավաքական:

Հաջորդը Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի հաշվետվության լսումներն էին: 2012 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել ֆեդերացիայի նախագահ Հրաչ Պողոսյանը: Նա նշել է, որ բադմինթոնի մարզական խմբեր են գործում Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Կապանում, Ստեփանակերտում:

«Բոլոր խմբակներն էլ ապահովված են անհրաժեշտ մարզագույքով»,- ասել է Հ. Պողոսյանը:

2012 թ. կազմակերպվել և անցկացվել է ՀՀ պատանիների մրցաշար, որին, բացառությամբ Ստեփանակերտի, մասնակցել են վերոհիշյալ բոլոր քաղաքները ներկայացնող մարզիկները, Սոֆիայում անցկացվել է ուսումնամարզական հավաք, որից անմիջապես հետո մեր մարզիկները մասնակցել են մինչև 19 տարեկանների միջև անցկացվող Բազարջիկի առաջնությանը:

Ֆեդերացիայում մեծ հույսեր են կապում Լիլիթ Պողոսյանի հետ, ով, ֆեդերացիայի նախագահի խոսքերով, ձեռք բերելով վարկանիշ` կարող է հնարավորություն ստանալ` մասնակցելու պատանեկան օլիմպիական խաղերին:

Ֆեդերացիայի 2013 թ. ծրագրերում նախատեսվում է մեր մարզիկների մասնակցությունը մի քանի միջազգային մրցաշարերի և Եվրոպայի պատանեկան առաջնությանը, ինչպես նաև նրանց ուսումնամարզական հավաքների կազմակերպումը:

Նշենք, որ բադմինթոնի ֆեդերացիան այն կազմակերպությունն է, որի պետական ֆինանսական աջակցությունը 2013 թ. համար ավելացվել է` հասնելով մինչև 4 մլն դրամի:

Placeholder
Հանդբոլի, բասկետբոլի և բադմինթոնի ֆեդերացիաները հաշվետվություններ են ներկայացրել