ՀԱՊ-ում բացվելու է Ռոբերտ Ֆալկին նվիրված ցուցահանդես
Մշակույթ
10:15 12/12/2012

ՀԱՊ-ում բացվելու է Ռոբերտ Ֆալկին նվիրված ցուցահանդես

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային պատկերասարհում բացվելու է ռուս հայտնի գեղանկարիչ Ռոբերտ Ֆալկին նվիրված ցուցահանդես, որի ծննդյան 125-ամյակը նշվել է 2011-ին:
Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Ազգային պատկերասրահից:

Առաջին անգամ համատեղ ներկայացվում են Ռ. Ֆալկի աշխատանքները ՀԱՊ-ի և Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուներից: Ցուցադրվում են բազում կատալոգներում և հետազոտություններում լուսաբանված նկարչի առաջնակարգ ստեղծագործությունները, որոնք լավագույնս բացահայտում են վարպետի արվեստի էվոլյուցիան:

Ցուցադրությունը լուսաբանում է Ռոբերտ Ֆալկի ստեղծագործական ուղին` սկսած «Բուբնովի վալետ»-ի վաղ (1910-ական թթ.) և փարիզյան (1928-1937 թթ.) շրջաններից մինչև 1940-50-ական թվականները` վարպետի հասուն շրջանը: Ցուցադրության մեծ մասն են կազմում Ֆալկի գեղանկար հորինվածքները, այդ թվում` «Դաշնամուրի մոտ», 1917 թ., «Սևամորթը. Կրկեսի դերասանը», 1917 թ., նկարչի կնոջ` Ա.Վ. Շչեկին-Կրոտովայի «Սև գլխաշորով», 1948 թ., և «Վարդագույն գլխաշորով», 1958 թ., հայտնի դիմապատկերները, բնանկարներ և նատյուրմորտներ: Ցուցադրվում են նաև մատիտանկարներ և ջրանկարներ, ինչպես նաև Կ. Գոլդոնիի «Ստախոսը» պիեսի ձևավորման էսքիզը (1940): Ազգային պատկերասրահի հավաքածուում գտնվող աշխատանքների մեծ մասը ձեռք է բերվել 1965 թվականին ՀԱՊ-ում կազմակերպված Ռ. Ֆալկի առաջին անհատական ցուցահանդեսից: Դրանք ներառում են նաև նկարչի այրու` Ա. Վ. Շչեկին-Կրոտովայի թանգարանին նվիրաբերած ստեղծագործությունները:

 

Placeholder
ՀԱՊ-ում բացվելու է Ռոբերտ Ֆալկին նվիրված ցուցահանդես