Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Երևանի Դալմայի այգիներին հարակից տարածքում «Նոյլենդ»-ի կառուցումն ընդամենը գաղափար է, որը քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհրդում չի քննարկվել»,-այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Միաժամանակ նա նշեց, որ նախկինում կար գաղափար այդ հսկայածավալ կառույցը ստեղծել «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, բայց այն ևս ոչ իրատեսական համարվեց ծավալի և տեղանքի առանձնահատկությունների պատճառով:
Նշենք, որ ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքի` «Ներդրումային առաջարկ» վերնագրի ներքո զետեղված նյութում «Նոյլենդը» նշված է որպես պատմահնագիտական և զբոսաշրջության կենտրոն: Այստեղ նախատեսվում է կառուցել «կրոնները նշանավորող կառույցներ»՝ քրիստոնեական եկեղեցի, մուսուլմանական մզկիթ, բուդդայական տաճար և հրեական սինագոգ, «Նոյյան լեգենդին համապատասխան թեմատիկ այգու կառուցում», հանգստյան գոտի:
Մ.Մինասյանի կարծիքով` ներկայացված տեխնիկական նախագիծը հում է և ոչ այդքան իրատեսական: «Դրանք նախագծեր չեն, դրանք պատկերացում են, թե ինչ են ուզում: Սա շատ հում նախագիծ է, մի գաղափար է, որ ուզում են մարդկանց մեջ շրջանառության մեջ դնել և աշխուժացնել ինվեստորներին», - ասաց նա: Ըստ բանախոսի, անհնար կլինի ոչ միայն նշված երեք տարում կառուցել նման հսկայածավալ օբյեկտ, այլ նաև` զարգացնել հարակից «Նոյ» թաղամասը, որը մտադիր են կապել այդ կառույցի հետ:
ՀՀ Ճարտարապետների միության նախագահը բացառեց, որ կարող են սկսվել «Նոյլենդ»-ի շինարարական աշխատանքները` առանց քաղաքաշինական խորհրդում քննարկման: «Այդպես է օրենքում դրված, և պարտավոր են այդպես շարժվել»,- ասաց նա:
Գնահատելով նախագծի ընդհանուր գաղափարը` Մ.Մինասյանը նշեց, որ աշխարհում կան նման կենտրոններ, որտեղ փորձ է արվում ներկայացնել երկրագնդի փոքր մակետները, բայց իր կարծիքով` Երևանի դեպքում նախագծի շրջանակներում նախընտրելի կլիներ ոչ թե 4 կրոնական ուղղությունների ներգրավվածությունը, այլ` Հայաստանի փոքր մակետը:
Կանխատեսումներ անելով Դալմայի այգիների ճակատագրի շուրջ` ճարտարապետը նշեց, որ նախագծի համաձայն` կառուցապատումը այգիների շատ փոքր տարածքն է զբաղեցնելու և չի վնասելու շրջակա միջավայրին: