ԲՀԿ-ն ՀԱԿ-ին փրկեց պառակտումից
Քաղաքական
16:30 12/12/2012

ԲՀԿ-ն ՀԱԿ-ին փրկեց պառակտումից

Երկար սպասված իրադարձությունը կայացավ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրապարակեց առաջիկա ընտրություններում իր մասնակցության ձևաչափը: Մեկ բառով այն կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ` ԲՀԿ-ն ընտրություններին չի մասնակցում:

Հայտարարության բովանդակության լակոնիկ բնույթն ամենևին չի խոսում դրա նշանակության մասին: Ճիշտ հակառակը` ԲՀԿ-ի այս որոշումը հսկայական սրբագրումներ է մտցնում Հայաստանի քաղաքական կյանքում` ոմանց համար փակելով, իսկ ոմանց համար էլ բացելով իրացման հերթական հնարավորություն:

Խոսքն, առաջին հերթին, Հայ ազգային կոնգրեսի մասին է: Գաղտնիք չէ, որ այս քաղաքական ուժը 2008-ի ընտրական ցիկլում նվաճած բարձունքից բավականին ցավոտ անկում է ապրել ու, գոնե մինչ այս պահը, իրացման հնարավորությունների ինտեսնսիվ որոնումների մեջ է: Այսօր սակայն, ԲՀԿ-ն և անձամբ Գագիկ Ծառուկյանը նրանց նման հնարավորություն պարգևեց: ՀԱԿ-ն այլևս կարող է հավակնել երկրորդ համարով խաղացողի դափնիներին:

Ինչպես նախկինում արդեն նշել էինք, Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ դեպքում չէր առաջադրի իր թեկնածությունը, եթե ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գար: ԲՀԿ-ի ստվերում հայտնվելն առաջին նախագահը, բնականաբար, իրեն վայել չէր համարի, իսկ այդ ստվերից դուրս գալը, հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այնքան էլ իրատեսական չէր: Ուստի մնում էր երկու տարբերակ. կամ ԲՀԿ-ն սատարեր ՀԱԿ-ի թեկնածուին, կամ` ԲՀԿ-ն առհասարակ դուրս գար և ՀԱԿ-ը կրկին փորձելու հնարավորություն ստանար:

Ժամանակը ցույց տվեց, որ իրականությանը մոտ է երկրորդ տարբերակը, և այսօր ՀԱԿ-ը հնարավորություն է ստացել առաջադրել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը. սա մի կողմից քաղաքական դաշտում «երկրորդ ուժի» դափնիներին տիրանալու ռեալ հնարավորություն է, իսկ մյուս կողմից` ՀԱԿ-ի միասնությունը պահպանելու (կամ պառակտումը կանխելու) գործիք:
Որևէ մեկը, կասկած չունի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման դեպքում ՀԱԿ-ը բռնելու է վերջնական պառակտման ուղին, քանի որ այնտեղ երկրորդ էշելոնի լիդերներից որևէ մեկը պատրաստ չէ մյուսի լիդերությունը լեգիտիմ համարելուն:

Ուստի ստիված ենք արձանագրել, որ ԲՀԿ-ն ՀԱԿ-ին ոչ միայն իրացվելու հնարավորություն պարգևեց, այլև կանխեց (կամ հետաձգեց) հերթական պառակտումը:
Իսկ թե ինչ հաջողություններ կունենա Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելու դեպքում, դժվար չէ կանխատեսել: Ինչպես «Կարգին հաղորդման» հերոսներից մեկն է նշում` «ինքը էլ առաջվանը չի»:
 

Placeholder
ԲՀԿ-ն ՀԱԿ-ին փրկեց պառակտումից