Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը համաձայն չէ, որ իրենք պասիվ են և փողոց դուրս չեն գալիս:
«Հաշվետվություն, ապագային միտված քայլեր մտքեր, իրավիճակի գնահատական և մեր կուսակցության մոտեցումները», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում դեկտեմբերի 21-ին կայանալիք համագումարի օրակարգը ներկայացնելով, ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:
-Իսկ համագումարում հնարավո՞ր է նախագահի թեկնածու առաջադրվի:
-Ինձ հարցնում են` դուք համաձա՞յն եք միասնական թեկնածուի, ես էլ ասում եմ` իհարկե, մենք ունենք մի քանի միասնական թեկնածուներ: Մի խոսքով, այդ ամենի մասին կիմանաք համագումարի ժամանակ:
-Այսինքն, շատ հնարավոր է` «Հանրապետությունը» ունենա սեփական թեկնածո՞ւ:
-«Հանրապետությո՞ւնը»: «Հանրապետություն»-ը ունի սեփական թեկնածու, բայց էդ սեփական թեկնածուն երբ կառաջադրվի այ դա է խնդիրը:
-Դուք ո՞ւմ նկատի ունեք:
-Մեր կուսակցությունում 4-5 թեկնածուներ կան (ծիծաղում է. հեղ.): Իսկ ավելի լուրջ, համագումարում այդ հարցի վերաբերյալ լուրջ պատասխան կստանաք:
-Պարոն Աբրահամյան, դուք, որպես ոչ ակտիվ կուսակցության առաջատար դեմքերից մեկը, որը հետևում է քաղաքական անցուդարձին, ի՞նչ կարծիք ունեք քաղաքական դաշտն ինչ վիճակում է:
Ոչ ակտիվ ի՞նչ նկատի ունեք:
-Դե այն, որ Արամ Զավենի Սարգսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ «Հանրապետություն»-ը փողոց դուրս կգա և ամեն ինչ կանի դրա համար:
-Բա, Ձեզ թվում է, որ ես գրասենյակ եմ գնում ինչո՞վ եմ գնում, փողոցով եմ գնում (կատակում է հեղ.):
-Փողոց դուրս գալը քաղաքական դաշտում այլ ասոցիացիաներ է առաջացնում, Պարոն Աբրահամյան:
-Աաա, դուք ալեգորիկ իմաստով եք փողոց դուրս գալն ասում: Հա, բայց պրոցեսներ չեն գնում, հենց այնպես, անկապ փողոց դուրս գանք ի՞նչ: Պրոցեսները պիտի գնան, քաղաքական պրոցեսները շուտով կգան, դուք անհոգ մնացեք: Բայց Ձեր ասածին համամիտ չեմ, մենք ակտիվ ենք: Մեր քաղաքական ակտիվի հետ հանդիպումներ ենք ունեցել, ասուլիսներ, գնահատականներ, հրապարակումներ, զեկույցներ և այլն: Այդ բոլորը մեր կուսակցության քաղաքական էլիտան անում է չափի մեջ: Բայց երբ որ քաղաքական պրոցեսներ սկսվեն Հանրապեոտւթյունուոմ, այն ժամանակ մենք ամենաակտիվ մասնակցությունը կունենանք:
-Կունենաք նաև Ձեր թեկնածո՞ւն:
-Դուք ոնց պտտացնում եք ինձ, որ ես ասեմ` ունենք, թե չունենք, ես էլ ձեզ դարձյալ ասում եմ` այդ հարցին լուրջ պատասխանելու համար ամսի 21-ին եկեք համագումար:
-Պարոն Աբրահամյան, ՀԱԿ-ի գործունեության մասին ինչ կասեք, Ձեր կարծիքով, ինչո՞ւ է լռում Լևոն Տեր-Պետրոսյանը:
-Ի սեր Աստծո, ես չգիտեմ: Չէ, բացարձակապես որևէ կարծիք չեմ կարող ասել: ՀԱԿ-ի մասին կամ ոչինչ, կամ միայն լավը:
-Անակնկալներ կարո՞ղ ենք սպասել կուսակցության համագումարից:
-Մեր կուսակցությունը շատ մոբիլ ու համակարգված է: Յուրաքանչյուր ֆորսմաժորային իրավիճակի համար մենք մեր լուծումը կարող ենք գտնել: Մտածողներն ունենք, իրավիճակից արագ եզրահանգում անելու ու ապագա քայլերը կանխատեսելու առումով մենք այդ կարգի կարող ուժ ենք: