Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հաշվետվություն. Հատուկ դպրոցների սաները կիսասոված են մնում, շաբաթներով էլ չեն լողանում
Հայաստանյան հատուկ դպրոցներում սաները կիսասոված են մնում կամ էլ առհասարակ սոված, ու ստիպված էլ լինում կշտանալ միայն հացով: Այս մասին արձանագրել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում 2010-11թթ-ին մշտադիտարկում իրականցնող հասարակական դիտորդական խումբն իր հաշվետվության մեջ:
Ըստ հաշվետվության, հատուկ դպրոցների սաները մշտադիտարկումների ժամանակ նշել են, որ սնվելու հետ խնդիրներ ունեն:
Մասնավորապես, Կապանի թիվ 3 կրթահամալիրում, եթե երեխան մերժում է օրվա ճաշը, ապա այլընտրանք նրան չի առաջարկվում: Այս դեպքում երեխան կամ սոված է մնում, կամ էլ կշտանում է միայն հացով:
Նույն խնդիրը խմբի անդամներին ներկայացվել է նաև Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում, որտեղ երեխաները նշել են, որ չեն կշտանում, հաճախ նույն կերակուրը նրանց տրվում է նաև երկրորդ օրը:
Հաշվետվության հեղինակները նշել են, թե հասկանում են, որ դպրոցը չի կարող սննդի մատակարարման անհատական մոտեցումներով և ամենօրյա շատ ճկուն համակարգ ունենալ, սակայն հարկավոր է ներդնել մեխանիզմներ, որոնք դպրոցներին թույլ են տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել հատուկ սննդակարգ ունեցող երեխաներին, ինչպես նաև նույն սնունդը չմատակարարել հոգնեցուցիչ հաճախականությամբ:
Հատուկ դպրոցներում լուրջ խնդիր է հանդիսանում շենքային պայմանների անմխիթար վիճակը: Ամենաառաջնային մտահոգությունն առաջացնում է նա, որ հատուկ դպրոցները, որոնց անվանումն արդեն ենթադրում է որոշ հատուկ պայմաններ, ԶՈՒՐԿ են թեքահարթակներից` ուսումնասիրված 13 հաստատություններից միայն մեկն է ունեցել թեքահարթակ: Անմխիթար է նաև սենյակներում տիրող իրավիճակը, հատուկ դպրոցների սենյակներում բացակայում են օդափոխիչ սարքեր և անգամ ցուրտ եղանակին օդափոխությունը կատարվում է սենյակների պատուհանները կամ դռները բաց թողնելով, որը, սակայն, չի ապահովում սենյակներում տհաճ հոտի բացակայությունը: Ի դեպ, վերջինիս առկայությունը հաշվետվության հեղինակները պարզաբանել են նաև այն հանգամանքով, որ դպրոցների ճնշող մեծամասնությունը ապահովված չէ բավարար թվով երեխաների համար լոգասենյակներով կամ ցնցուղներով, ուստի երեխաները բավական մեծ ընդհատումներով են լողանում, այնպես որ տհաճ հոտը պայմանավորված է ոչ միայն օդափոխության հարմարանքների բացակայությամբ: Մինչդեռ, հիշեցնում են հեղինակները, ՀՀ Առողջապահության նախարարի 11.02.2002թ-ի N 82 հրամանի համաձայն` «հատուկ դպրոցների յուրաքանչյուր 6 աշակերտի համար նախատեսվում է մեկ ննջասենյակ, որոնց կից նպատակահարմար է տեղակայել ցնցուղարաններ»:
Այս կապակցությամբ հեղինակները նշում են.
«Հաստատությունները, հիմնվելով այս ցուցման հայեցողական բնույթի վրա, երեխաների համար չեն ստեղծում բավարար թվով ցնցուղարաններ և ցնցուղներ, սրանով խիստ սահմանափակելով երեխաների` անձնական հիգիենայի կարիքների բավարարումը: Լոգանք ընդունելու համար սահմանված են տարբեր ժամանակացույցեր` շաբաթը մեկ կամ երկու անգամ, իսկ սպիտակեղենը փոխելու և անձնական հագուստը լվանալու համար` 3-15 օրը մեկ: Սակայն` որոշ հաստատություններում լոգանքի համար սահմանված օրերին փակ էին լոգարանների դռները: Շատ հաստատություններում երեխաները ապահովված չեն անձնական հիգիենայի պարագաներով` օճառ/հեղուկ օճառ, ատամի խոզանակ, ատամի մածուկ, սրբիչ, լոգարանի հողաթափեր»:
Հաստատություններում լիարժեք լուծված չէ նաև երեխաների զբաղվածության խնդիրը` հատկապես շաբաթ-կիրակի օրերին: Մասնավորապես, երեխաներն ազատ ժամերին դիտում են պատահական ֆիլմեր` սկսած սերիալներից, վերջացրած ագրեսիվ ֆիլմերով: Իսկ մի քանի հաստատություններում թեև կան խաղալիքներով, խաղերով հագեցած, գեղեցիկ կահավորված խաղասենյակներ, սակայն, ըստ դիտարկումների, դրանք կրում են բացառապես ձևական բնույթ, քանի որ այցերի ժամանակ կամ փակ են եղել, կամ այնտեղ երեխաներ չեն եղել:
Նշենք, որ 2010-11թթ-ին խմբի կողմից մշտադիտարկվել են Երևանում և ՀՀ տարբեր մարզերում գտնվող 13 հաստատություններ`Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 և թիվ 12 հատուկ դպրոցները և Սպիտակի թիվ 1 հատուկ դպրոցը, Հանրապետական թիվ 1 և թիվ 2 հատուկ կրթահամալիրները, Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրը և այլն: