ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրել է սփյուռքահայ երգիչ Ադիս Հարմանտյանին
Մշակույթ
19:03 13/12/2012

ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրել է սփյուռքահայ երգիչ Ադիս Հարմանտյանին

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Լիբանանի Շրջանային վարչության ատենապետ Հակոբ Լատոյանին, Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանին, լիբանանահայ էստրադային երգիչ Ադիս Հարմանտյանին, ինչպես նաև` Լիբանանում անցկացվող Համազգային երգի 2012թ. մրցույթի մրցանակակիրներ Վարանդա Յակոբյանին, Ալիս Իփրաջյանին:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը բարձր է գնահատել Համազգային հայ մշակութային հիմնադրամի դերը` Լիբանանում ապրող և ստեղծագործող հայ արվեստագետներին աջակցելու և Հայրենիքում նրանց գործունեությունը ճանաչելի դարձնելու գործում:

Ապրելով և ստեղծագործելով Լիբանանում` երգիչ Ադիս Հարմանտյանը կարողացել է տարիներ շարունակ ներկայացնել հայ երգը Սփյուռքի մշակութային մայրաքաղաք Լիբանանում, տարբեր երկրների հայ համայնքերում, նաև` Հայրենիքում:

«Հայ երգը լավագույն զենքն է, որով կարելի է Հայրենիքից դուրս հային հայ պահել», - ընդգծել է նախարար Հակոբյանը` հավելելով. «Դուք կարողացել եք օգտագործել այդ զենքը: Ձեր երգն ու գործը գնահատվել է նաև Արամ Առաջինի կողմից: Իրավամբ, դժվար է արժանանալ Արամ Առաջին Կաթողիկոսի բարձր գնահատականին»:

Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, երգարվեստում ստեղծագործական և կատարողական բարձր վարպետության, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ադիս Հարմանտյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:

Վաստակաշատ արվեստագետ Ադիս Հարմանտյանը նշել է, որ իր համար իսկապես անակնկալ էր նման բարձր պարգևի արժանանալը` հավելելով. «Շատ երկրներում եմ արժանացել գնահատանքի և սիրո, սակայն, ամբողջ կյանքում ներկայացնելով հայ երգարվեստը, ժողովրդիս մշակույթը, ինձ համար կարևոր էր Հայրենիքում ճանաչվելը և այստեղ գնահատանքի արժանանալը»:

Համազգային հայ կրթական և մշակութային միության Լիբանանի Շրջանային վարչության ատենապետ Հակոբ Լատոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարին սիրիահայության հանդեպ մշտառկա հոգատար վերաբերմունքի և անընդմեջ գործուն աջակցության համար: Նրա հավաստմամբ` Սփյուռքն այժմ գիտակցում է, որ այլևս անտեսված չէ:

Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանն իր ուրախությունն է հայտնել, որ Հայրենիք-Սփյուռք հարաբերություների գիծը ու մերձեցումն այլևս ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով է անցնում. «Հերթական հանդիպումն այս թանկ օջախում գալիս է վկայելու, թե որքան կարևոր է տիկին Հակոբյանի ուշադրությունը Սփյուռքի հայ համայնքների համար»:

Հ.Հակոբյանը հրավիրել է երգչին մասնակցելու նաև նախարարության կողմից կազմակերպվող միջոցառումներին և փառատոններին:

Պարգևատրման հանդիսավոր արարողության ավարտին ժողովրդական երգերի կատարումներով հանդես են եկել Ադիս Հարմանտյանը, Վարանդա Հակոբյանը և Ալիս Իփրաջյանը:
 

Placeholder
ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրել է սփյուռքահայ երգիչ Ադիս Հարմանտյանին