Ն.Փաշինյան. ՀԱԿ-ն ունի նախագահի իր  թեկնածուն, դա Լևոն Տեր-Պետրոսյանն է
Քաղաքական
14:56 13/12/2012

Ն.Փաշինյան. ՀԱԿ-ն ունի նախագահի իր թեկնածուն, դա Լևոն Տեր-Պետրոսյանն է

«Անկեղծ ասած իմ համար որևէ իրավիճակ ներքաղաքական դաշտում չի փոխվել»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի երեկվա որոշումը:

Ն.Փաշինյանը հիշեցրեց, որ այս ամենի կապակցությամբ, վերջին մեկ տարում պարբերաբար իր դիրքորոշումն արտահայտել է, այնպես որ կարծում է, որ վերջին օրերի քաղաքական զարգացումները որևէ նոր կոմպոնենտ չեն ավելացրել իր ասածներին:

Մեկնաբանելով լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի արված այն հայտարարությունը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելուց հատկապես ՀԱԿ-ը ոչինչ չշահեց, Ն.Փաշինյանն ասաց. «Ես զերծ կմնամ այդ կապակցությամբ որևէ մեկնաբանությունից: Կրկնեմ միայն ` իմ ողջ ասելիքը կոնկրետ այս թեմայի վերաբերյալ ես նախկինում արդեն ասել եմ» :

Լրագրողի այն հարցին, թե ի վերջո ի՞նչ է որոշելու կոնգրեսի քաղխորհուրդը գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ, պատգամավորն ասաց, որ ՀԱԿ-ի քաղխորհուրդը դեռևս որոշում չունի, քննարկումները շարունակվում են: Բայց հնչեցրեց իր հաստատակամ տեսակետը. «ՀԱԿ-ն ունի նախագահի իր թեկնածուն, դա Լևոն Տեր-Պետրոսյանն է և խնդիրը ոչ թե քաղխորհրդի տիրույթում է, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշման տիրույթում: Եթե Լ.Տեր-Պետրոսյանը որոշի, ապա քաղխորհրդին մնում է միայն այն հաստատել»:

Նա դժվարացավ նշելու կոնկրետ ժամկետներ, թե երբ վերջապես Լևոն Տեր-Պետրոսյանը այս կոնտեքստում կխոսի. «Ես չեմ ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի որպես նախագահի թեկնածու, և չեմ էլ ասել, որ նա չի առաջադրվի: Եվ ես ընդհանրապես հակված չեմ այդ որոշումը կանխորոշող որևէ արտահայտություն անելու. սպասենք վերջնական որոշմանը»,- հավելեց նա:

Նախորդիվ` Ռ.Հակոբյան. ՀԱԿ-ը ոչինչ չշահեց

Կոնգրեսը քննարկումներ է սկսել երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի շուրջ. Մուսինյան

ԲՀԿ-ն ՀԱԿ-ին փրկեց պառակտումից

Placeholder
Ն.Փաշինյան. ՀԱԿ-ն ունի նախագահի իր թեկնածուն, դա Լևոն Տեր-Պետրոսյանն է