Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարզերում ու բուժհիմնարկներում տեսածը ՀԿ-ների ներկայացուցիչները պատմել են Ազգային Ժողովում
ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այսօր կազմակերպել էր հանդիպում` քննարկելու օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ նրանց առաջարկները:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հավաստիացրել է, որ այս քննարկումների ժամանակ ներկայացված առաջարկները և բարձրացված խնդիրները հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն, իսկ օպտիմալ առաջարկները կներառվեն նախագծերում:
«Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն», «Վստահություն», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջարկներ են ներկայացրել «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին», «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:
Նրանց տեղեկացմամբ՝ իրենք հանդիպումներ են ունեցել մի շարք մարզերում, դիտարկումներ իրականացրել առողջապահական մի շարք հաստատություններում, որոնց արդյունքում ի հայտ են եկել հիմնախնդիրներ, որոնք տեղ են գտել ներկայացված առաջարկություններում:
Դրանք վերաբերում են անվճար իրավաբանական օգնություն ստանալուն, օրենքը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելուն,այն գործնականում կիրառելուն, որոշ ընդհանրական դրույթներ հստակեցնելուն:
Ամփոփիչ խոսքում Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության մասնակիցներին՝ օգտակար առաջարկներ ներկայացնելու համար, և հավաստիացրել, որ դրանք անպայման հաշվի կառնվեն նախագծերը լրամշակելիս: Աղբյուրի հաղորդմամբ, ՀԿ-ների ներկայացուցիչները ևս պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը: