Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վ. Սողոմոնյան. Երկրորդ նախագահից երբեք չեմ լսել առաջադրվելու իր ցանկության մասին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի 2013 թվականի նախագահական ընտրություններին: Այդ մասին Վիկտոր Սողոմոնյանն ասել է այսօր Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում:
«Երկրորդ նախագահից երբեք չեմ լսել առաջադրվելու իր ցանկության մասին: Ավելին, մի քանի անգամ նա հակառակն է ասել: Չեմ կարծում, որ նա կմասնակցի այս նախագահական ընտրություններին: Սակայն Ռոբերտ Քոչարյանն անպայման կտա իր գնահատականները ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ արդեն մոտ ապագայում. նա ծրագրել էր արձագանքել առաջարկներից մեկին և փոքր հարցազրույց տալ»,-ասել է գրասենյակի ղեկավարը:
Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին` Վիկտոր Սողոմոնյանն հերքել է Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող հանդիպման մասին լուրերը:
«Ռոբերտ Քոչարյանն իրոք Մոսկվայում է, սակայն միայն ԱՖԿ Սիստեմայի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Վ. Պուտինի հետ հանդիպում ծրագրված չէ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ-ն հայտնեց իր որոշման մասին` առանձին թեկնածուով չի մասնակցելու առաջիկա ընտրություններին և թեկնածուներից որևէ մեկին չի սատարելու:
Երկրի ղեկավարի ընտրությունները նշանակված են 2013-ի փետրվարի 18-ին: Թեկնածուների առաջադրման գործընթացն սկսվելու է դեկտեմբերի 25-ից և կավարտվի հունվարի 4-ին: Հունվարի 4-14-ը կկատարվի թեկնածուների գրանցումը, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ից և կշարունակվի մինչև փետրվարի 16-ը:
Նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրություն հայտնել են գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազդարար» գիտամշակութային ամսագրի վերահիմնադիր. պատմաբան-մանկավարժ Մարտիկ Սարգսյանը: