ՎիվաՍել-ՄՏՍ-ը Մայքրոսոֆթին նոր որակի ինտերնետ է տրամադրել
Տնտեսություն
19:18 14/12/2012

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Մայքրոսոֆթին նոր որակի ինտերնետ է տրամադրել

 ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության  հիմնադրած Տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիային տրամադրել է օպտիկա-մանրաթելային տեխնոլոգիաների հիման վրա գործող 10 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետի կապուղի և Wi-Fi տեխնոլոգիայով ինտերնետ հասանելիության երեք կետ` ակադեմիայի տարածքում անլար ցանցից օգտվելու նպատակով: Ինչպես տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության լրատվական ծառայությունից` ակադեմիային աջակցելու որոշումը պայմանավորված է նորարարական կենտրոններին սատարելու և ուսանողներին ՏՏ ու հարակից ոլորտներում համաշխարհային բարձր չափանիշներին համապատասխան կրթություն առաջարկելու վճռականությամբ:

 «Մենք սատարում ենք որակյալ կրթություն ստանալու և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի հասնելու երիտասարդության ձգտումը`երկրի  զարգացմանը նպաստելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանի բուհական կրթությանը, որպեսզի տաղանդավոր երիտասարդների համար հայրենիքում արժանապատիվ ապրելու և արարելու ավելի մեծ հնարավորություններ երաշխավորվեն: Մենք ապրում ենք աշխատուժի ազատ տեղաշարժի դարաշրջանում, և որակյալ մասնագետների համար Հայաստանը գրավիչ դարձնելու միակ միջոցը ուսման, զարգացման և մրցունակ աշխատավարձ երաշխավորող միջավայրի ստեղծումն է: Սա է Հայաստանում «Մայքրոսոֆթ»-ի հետ մեր համագործակցության նպատակը», - նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում «Մայքրոսոֆթ»-ի ակադեմիայի ստեղծման նպատակը մասնագիտական դասընթացների կազմակերպումն է, հատուկ քննությունների անցկացումը և լավագույններին` «Մայքրոսֆթ»-ի կողմից հավաստագրված մասնագետի կարգավիճակի շնորհումը: ՏՏ ակադեմիան կնպաստի համալսարանում LIVE@EDU համակարգի ներդրմանը նաև: «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության և Հայաստանի պետական ճարտարագիտական  համալսարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն` ուսումնական հաստատությունը արտոնյալ պայմաններով կստանա «Մայքրոսոֆթ»-ի ծրագրային ապահովում և այլ ծառայություններ: Ակադեմիային կից կստեղծվի փորձարարական լաբորատորիա, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան իրականացնելու իրենց մտահղացումները: Ակնկալվում է, որ ՏՏ ակադեմիայի շնորհիվ կամրապնդվի բուհի և շուկայում ներկայացված ձեռնարկությունների միջև կապը, ինչն իր հերթին Հայաստանում ապրող երիտասարդության համար նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կընձեռի: 

Placeholder
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Մայքրոսոֆթին նոր որակի ինտերնետ է տրամադրել