Պատմաբան. ՀՀ նախագահի ուղերձը շատ տեղին էր
Քաղաքական
14:00 22/12/2012

Պատմաբան. ՀՀ նախագահի ուղերձը շատ տեղին էր

«ՀԱՊԿ-ի անդամ որոշ երկրներին իրենց պարտավորությունները հիշեցնելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը շատ տեղին էր, քանի որ չի կարող լինել երկրների ռազմաքաղաքական դաշինք, երբ այդ դաշինքի որոշ երկրներ չեն պաշտպանում Հայաստանի շահերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Մոսկվայում կայացած ՀԱՊԿ երկրների առաջնորդների խորհրդի նիստին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, նշեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:

Բանախոսի դիտարկմամբ, Ադրբեջանը միջազգային կազմակերպություններում իրականացնում է բացահայտ հակահայկական քարոզչություն: ՀԱՊԿ-ի անդամ որոշ երկրներ (նկատի ունի՝ Ղազախստան, Տաջիկստան և Ղրղզստան), լինելով մեկ ռազմաքաղաքական դաշինքի մեջ, նախևառաջ պարտավոր են պաշտպանելու Հայաստանի շահերը և նաև դեմ քվեարկելու այն նախաձեռնություններին, որոնք չեն բխում Հայաստանի շահերից:

«ՀԱՊԿ-ի անդամ որոշ երկրներ ՄԱԿ-ի Տիեզերական խաղաղ տարածության կոմիտեի նիստում փորձեցին աջակցել Ադրբեջանի նախաձեռնությանը, որը բոյկոտում էր Հայաստանի մասնակցությունը: Նրանք հանդիսանում են նաև «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամներ, և այդ կազմակերպության կողմից մի քանի անգամ ընդունվել են հակահայկական որոշումներ Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնությամբ: Պետք է պահանջել, որ ՀԱՊԿ անդամ այդ երկրները ոչ թե չեզոքություն պահպանեն, այլ հանդես գան հակահայկական քաղաքականության դեմ»,-համոզմունք հայտնեց պատմաբանը:

Վերջինս նշեց նաև, որ հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ը պարտավոր է Հայաստանին ցուցաբերել բազմակողմանի՝ ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ու քաղաքական օժանդակություն: Բանախոսը համոզմունք հայտնեց, որ հնարավոր պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ը կկանգնի Հայաստանի կողքին:

Անդրադառնալով Ադրբեջանի Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանից Ռուսաստանի հրաժարվելուն՝ պատմաբանը ընդգծեց, որ Ադրբեջանը դրանով հարվածեց Ռուսաստանի թիկունքին:

«Եվս մեկ անգամ Ռուսաստանը համոզվեց, որ տարածաշրջանում միակ վստահելի երկիրը Հայաստանն է, հետևաբար կարծում եմ, որ Ռուսաստանը Ադրբեջանի նկատմամբ իր քաղաքականությունը կվերանայի: Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպիսի Ռուսաստանին դուրս վռնդի տարածաշրջանից: Տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակիցը մնում է Հայաստանը, իսկ Հայաստանի հզորացումը բխում է Ռուսաստանի շահերից»,- նշեց Գևորգ Մելքոնյանը:

Placeholder
Պատմաբան. ՀՀ նախագահի ուղերձը շատ տեղին էր