Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 2012 թ. Հայաստանի լավագույն մարզիկ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն ջուլֆալակյանն այսօր լրագրողների հետ կայացած զրույցում նշեց, որ իրեն պակասում է աշխարհի առաջնության և օլիմպիական խաղերի ոսկե մեդալը:
Հաջորդ օլիմպիական խաղերին դեռ բավական ժամանակ կա, ուստի Արսենը հաջորդ տարի կփորձի իրականություն դարձնել հերթական երազանքներից մեկը` դառնալ աշխարհի չեմպիոն:
«2013 թ. իմ գլխավոր նպատակն աշխարհի չեմպիոն դառնալն է: Սա ոչ թե պարզապես նպատակ է, այլ գերնպատակ: Բոլոր մեդալներն ունեմ: Բացակայում են միայն աշխարհի առաջնության և օլիմպիական խաղերի ոսկե մեդալները:
Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճելը ևս մեծ հաջողություն էր, սակայն ես ձգտում էի ավելիին:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, քանի որ Օլիմպիադայից անցել է 3-4 ամիս, իսկ ես պարգևատրվել եմ միայն նրա կողմից: Լավ կլիներ ինքներդ ասեիք, հիմա ես ումի՞ց շնորհակալ լինեմ: Սպորտն այսօր անձնավորված է: Թեև ես չեմ սիրում այդ մասին խոսել, բայց այսօր կասեմ: Եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, առաջնակարգ մի շարք մարզիկներ կամ կզբաղվեին այլ մասնագիտությամբ, կամ կփոխեին երկիրը»,- նշեց Արսեն Ջուլֆալակյանը:
Երբ մամուլի ասուլիսի սրահից դուրս եկանք, հայտնվեցինք մի մեծ տոնածառի մոտ, իսկ Արսեն Ջուլֆալակյանն էլ սիրով պատասխանեց արդեն առաջիկա տոներին վերաբերող հարցերին` հիշելով դրվագներ մանկությունից: Հայ ըմբիշը նշեց, որ երազում է ամանորին լինել Լապլանդիայում, իսկ այս տարին կդիմավորի տանը` ընտանիքի անդամների, ընկերների ու հարազատների շրջապատում:
«Օլիմպիական խաղերից հետո 1 ամիս եմ գտնվել տանը, իսկ անցել է 4 ամիս: Հոգնել եմ այլ երկրներում գտնվելուց և անչափ կարոտել եմ մեր տանը, ուստի որոշել եմ այս տարին անցկացնել Հայաստանում` ընտանիքիս, ընկերներիս, հարազատներիս շրջապատում: Իսկ հայրիկիս և մայիկիս համար Դուբայի ուղեգիր եմ գնել, սակայն նրանք կմեկնեն միայն հունվարի 2-ին: Այնպես որ, որոշել եմ ուրախ դիմավորել տարին: Առաջիկա ամիսներին ևս չեմ պատրաստվում մեկնել Հայաստանից:
Երազում եմ երբևէ ամանորն անցկացնել Լապլանդիայում: Կարծում եմ, բոլորից լավ այնտեղ է զգացվում տոների շունչը:
Նոր տարին շատ բարի տոն է: Գոնե մի որոշ ժամանակ պետք է մոռանալ տխրության ու հոգսերի մասին, պետք է ուղղակի վայելել այդ մի քանի օրերը` որպես հեքիաթ:
Հիշում եմ, երբ փոքր էինք, անհամբեր սպասում էի, թե բարձիս տակ երբ կգտնեմ նվերս, իսկ հետո էլ դրանք սկսեցին հայտնվել տոնածառի տակ: Այն ժամանակ չկային այսքան ձմեռ պապիկներ, ովքեր գալիս ուրախացնում էին երեխաներին: Այն ժամանակվա ձմեռ պապիկներն իրական էին` ծնողների տեսքով:
Տարվա իրադարձություններն ինձ հնարավորություն են տալիս երջանիկ ճանապարհել 2012 թ.-ը: Ձմեռ պապիկից այլև ոչինչ չեմ ուզում: Ուզում եմ ինքս ինձանից: Անձնական կյանքում ամեն ինչ գերազանց է, մարզական ասպարեզում ևս: ամանորյա 12 զանգերի ներքո կափսոսամ միայն, որ չկարողացա դառնալ օլիմպիական չեմպիոն, քանի որ արծաթե մեդալն ինձ չի բավարարել:
Շնորհավորում եմ բոլորի գալիք ամանորը».- ասաց Արսեն Ջուլֆալակյանը: