«Արայ», «Տեխնոլայֆ» և «Վեգա» խանութները մոլորեցրել են սպառողներին. հարուցվել են վարչական վարույթներ
Տնտեսություն
11:56 25/12/2012

«Արայ», «Տեխնոլայֆ» և «Վեգա» խանութները մոլորեցրել են սպառողներին. հարուցվել են վարչական վարույթներ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում հարուցվել են վարչական վարույթներ կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Արայ», «Տեխնոլայֆ» և «Վեգա» խանութների հանդեպ:

Ինչպես նշեց ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը, նշված ընկերությունները հարյուրավոր մարդկանց ուղարկել են sms հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. «Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք որպես եզակի ակցիայի մասնակից: Ներկայացրեք այդ sms-ը ցանկացած «Արայ» վաճառասրահ և ստացեք մինչև 100 հազար դրամ զեղչ»:

Նույանբովանդակ հաղորդագրություն է ուղարկվել նաև «Տեխնոլայֆ» խանութի կողմից: Սակայն ակցիայի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար հնարավոր չի եղել միանալ նրանց կողմից առաջարկած հեռախոսահամարին:

Ըստ Ա.Շաբոյանի` հաղորդագրություն ստացած շատ քաղաքացիներ գայթակղվելով առաջին հայացքից շահավետ առաջարկից, այցելել են վերոնշյալ խանութների վաճառասրահներ, որտեղ պարզվել է, որ ակցիան տարածվում է հատուկենտ ապրանքների վրա, որոշ ապրանքների վրա գործում է 20-50 տոկոսի չափով զեղչ` վիճակախաղի սկզբունքով, իսկ շատ այլ ապրանքներ ընդհանրապես զեղչված չեն եղել: Ընդ որում նույն պայմաններն ու գնային առաջարկները գործել են նաև այն հաճախորդների համար, ովքեր նման sms-ներ չեն ստացել:

Ա.Շաբոյանի խոսքերով` Հանձնաժողովը հսկիչ գնման միջոցով ձեռք է բերել որոշ ապրանքներ, որոնց վրա որևէ զեղչ չի գործել: Համաձայն օրենքի, ապրանքի գովազդման կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկությունների նշումը կամ այնպիսի տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս կազմելու ամբողջական պատկերացում, համարվում է հասարակության մոլորեցում: Հանձնաժողովի դիտարկմամբ, «Արայ» և «Տեխնոլոյֆ» ընկերությունների կողմից կազմակերպված իբրև թե եզակի ակցիայի մասնակից ընտրված լինելու մասին սպառողներին հաղորդագրությունն ուղարկելը և մինչև 100 հազար դրամ զեղչ ստանալու հնարավորություն առաջարկելը, կարող է ապակողմնորոշել և մոլորեցնել սպառողներին:

Ըստ Ա.Շաբոյանի` վարույթի ընթացքում կուսումնասիրվի ընկերությունների վարքագիծը, որից հետո Հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը:

Ինչ վերաբերում է «Վեգա» խանութին, ապա այն սպառողներին խոստացել է 110 տոկոս զեղչ: Հարուցված վարույթի շրջանակում ՏՄՊՊՀ-ի մասնագետները կկատարեն ուսումնասիրություններ, ինչպես նաև արդեն իսկ «Վեգա» խանութից պահանջվել է ներկայացնել պարզաբանումներ` հայտարարված անհավանական զեղչի վերաբերյալ:

Ա.Շաբոյանի խոսքերով` քանի որ Ամանորից առաջ հաճախ են գնորդներին տարբեր կերպ (sms-ներ, գովազդներ և այլն) իրազեկում զեղչերի մասին, ապա Հանձնաժողովը խանութների զեղչային քաղաքականությունը վերահսկելու է անգամ նախատոնական և հետտոնական ոչ աշխատանքային օրերին:

Ա.Շաբոյանը սպառողներին կոչ արեց առավել ուշադիր լինեն` նման երևույթներ տեսնելու դեպքում տեղեկացնեն հանձնաժողովին:

Միաժամանակ նա տնտեսվարողներին զգուշացրեց զերծ մնալ սպառողներին մոլորեցնելու և մրցակային օրենսդրության խախտման ճանապարհով գործելուց: Բացի այդ Ա.Շաբոյանը տնտեսվարողներին մեկ անգամ ևս հիշեցրեց, որ անբարեխիղճ վարքագծի համար օրենքով նախատեսված պատժաչափը կազմում է օրինախախտ ընկերության տարեկան հասույթի մինչև մեկ տոկոսը:

Placeholder
«Արայ», «Տեխնոլայֆ» և «Վեգա» խանութները մոլորեցրել են սպառողներին. հարուցվել են վարչական վարույթներ