Բնապահպանության նախարարության միակ «բացթողումը» Սևանա լիճ 366.667 հազ. հատ մանրաձկան բացթողումն է
Հասարակություն
12:30 26/12/2012

Բնապահպանության նախարարության միակ «բացթողումը» Սևանա լիճ 366.667 հազ. հատ մանրաձկան բացթողումն է

Բնապահպանության նախարարության համար այս տարին բավականին հագեցած էր: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նրա խոսքերով` 2012 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացված աշխատանքների հիմնական նպատակն է եղել Կառավարության 2012թ-ի գործունեության միջոցառումների ծրագրի և կառավարության կողմից հաստատված ռազմավարական նշանակության ծրագրերով նախատեսված բնապահպանության ոլորտի գծով գերակա խնդիրների կատարման ապահովումը:

Ա.Հարությունյանը նշեց, որ այս տարի նախարարությունը մշակել է 3 օրենքների նախագծեր: Հաշվետու ժամանակաշրջանում մշակվել են նաև ՀՀ կառավարության 34 որոշումների նախագծեր, որոնցից ընդունվել է 21-ը, իսկ 13-ը համապատասխան ընթացքի մեջ են: Բացի այդ մշակվել և ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել են 6 իրավական ակտեր:

Անդրադառնալով Սևանա լճի հիմնախնդիրներին, նախարարը հայտնեց, որ վերջին տաս տարվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3.6 մետրով և 2012թ. գտնվում է 1900.11 նիշի վրա: Ըստ նրա` այս տարի 317 մլն. խոր. մ. ջրբացթողումների հետևանքով լճի մակարդակի բացասական բալանս չի արձանագրվել:

Նրա խոսքերով` Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներից մաքրվել է 110 հա տարածք:

Նշվեց նաև, որ Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում` 366.667 հազ. հատ մանրաձկան բացթողում Սևանա լիճ միջոցառման իրականացման շրջանակներում 2012թ. Սևանա լիճ է բաց թողնվել 200 000 հատ (3 և ավելի գրամ) ամառային իշխանի և 166 667 հատ (5 և ավելի գրամ) Գեղարքունու մանրաձուկ: ՀՀ պետբյուջեից ծրագրի իրականացման համար ծախսվել է 59.9 մլն. դրամ:

Ա.Հարությունյանը նշեց նաև, որ «Սևան» ԱՊ-ում 2012թ.-ին հավաքագրվել է մոտ 190 մլն. դրամ վարձավճար, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 75 մլն. դրամով:

Նախարարի խոսքերով` «Արփի լիճ» ազգային պարկի կարողությունների զարգացում ծրագրի շրջանակներում ավարտվել են այցելուների կենտրոնի և վարչական շենք-շինությունների շինարարական աշխատանքները և հոկտեմբերին տեղի է ունեցել «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենքի և ՀՀ Շիրակի մարզի Ղազանչի համայնքում գտնվող այցելուների կենտրոնի, այդ թվում` «Բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի հանդիսավոր բացման արարողությունը: Ընթացքի մեջ են համայնքային զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ խմելու ջրի ցանցի վերականգնման, մեղվաբուծական ասոցիացիայի ստեղծման և էկոգյուղի կայացման աշխատանքները:

Ներկայացնելով Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրերի արդյունավետ օգտագործման ապահովմանն ուղղված աշխատանքները, բնապահպանության նախարարը նշեց, որ Արմավիրի և Արարատի մարզերում բացված թվով 34 հանձնարարագրերից` 30 տնտեսվարող սուբյեկտ ենթարկվել է վարչական տույժի ընդհանուր 2,2 մլն. դրամի չափով, այդ թվում 3 տնտեսվարողի ներկայացվել է ՀՀ բնապահպանական օրենսդրության խախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ 13,3 մլն. դրամի չափով:

Բացի այդ, ըստ Ա.Հարությունյանի, իրականացվել է ստորերկրյա ջրերի մոնիթորինգ և նկատվում են ստորերկրյա ջրերի պաշարների սպառում ու որակի փոփոխություն: «Բնապահպանության նախարարությունը դիմել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրին, որի շրջանակներում սկսվել է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատման աշխատանքների իրականացման նախապատրաստական մասը»,- նշեց նախարարը:

Պատասխանելով հարցին, թե նախարարության համար որոնք են այս տարվա ձեռքբերումներն ու բացթողումները, նախարարը նշեց, որ ձեռքբերումը «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումն է: Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա Ա.Հարությունյանը հումորով պատասխանեց. «Ամենամեծ բացթողումը համարում եմ 366.667 հազ. հատ մանրաձկան բացթողումը Սևանա լիճ»:

Placeholder
Բնապահպանության նախարարության միակ «բացթողումը» Սևանա լիճ 366.667 հազ. հատ մանրաձկան բացթողումն է