Հոգեբան. «Տոն օրերը ճիշտ կազմակերպեք` իսկապես հանգստացեք»
Առողջություն
15:13 26/12/2012

Հոգեբան. «Տոն օրերը ճիշտ կազմակերպեք` իսկապես հանգստացեք»

Հետտոնական հոգեբանական ու ֆիզիկական սթրեսերից խուսափելու համար հարկավոր է ճիշտ կազմակերպել հենց տոնները: Նման խորհուրդ այսօրվա ասուլիսի ժամանակ տվեց «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբան Մարուքե Եղյանը:

Ըստ բանախոսի` Ամանորից առաջ հանրության մեջ ուժեղանում է լարվածությունը, փոխանակ` հակառակը, մարդիկ հանգստանան և վայելեն ազատ և հաճելի ժամանակը:

«Այս օրերին իսկապես հանգստացեք, ընթերցեք սիրած գրքեր, դիտեք լավ ֆիլմեր, շփվեք միայն դրական մարդկանց հետ: Եթե վաղուց ունեք երազանք, բայց չեք հասցնում կյանքի կոչել այն, արե'ք դա հենց այս տոնական օրերին», - ասաց բանախոսը:

Նրա խոսքով` տոնական օրերի ոչ ճիշտ կազմակերպումը կարող է հանգեցնել նույնիսկ շատ սուր հիվանդությունների: «Զարմանալի չէ, որ տոներից հետո սրվում են ոչ միայն եղած հիվանդություններն, այլև կարող են ի հայտ գալ նորերը», - ասաց հոգեբանը, նշելով, որ արհեստականորեն ստեղծված նախատոնական լարվածությունը տոն օրերին տղամարդիկ փորձում են հաղթահարել ալկոհոլով, կանայք` կերակուրով:  «Պետք չէ լարվել տոնից առաջ ու ձգտել ինչ-որ անհայտ ստանդարտերի»,- խորհուրդ տվեց բանախոսը:

Հոգեբանը ցավով նշեց, որ հայ իրականության մեջ հանգիստն ու տոնը սովորական է դարձել կապել կերակուրի հետ. «Եթե, օրինակ, ընտանիքի հետ գնում ենք անտառ կամ Սևանա լիճ, ամեն բան կրկին պտտվում է ուտելիքի շուրջ»:  Ըստ Մարուքե Եղյանի` պատճառը կապված է սերունդի կողմից տեսած դժվարությունների, մարտահրավերները հաղթահարելու ինտուիտիվ, սակայն արդեն իներտ դարձած սովորությունների մեջ:

«Օրինակ՝ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ապրած սերունդը տանը միշտ պահում է լուցկու ու շաքարի մեծ պաշար, քանի որ պատերազմի տարիներին կար դրանց պակասը: Հիմա մեր միջին սերունդը խորհրդային տարիներին տեսել է տարատեսակ կերակուրների պակաս ու այսօր, հատկապես տոն օրերին, փորձում է ցույց տալ իր բարեկեցությունը հենց կերակուրի միջոցով»,- պարզաբանեց բանախոսը, կրկին խորհուրդ տալով ձերբազատվել այս կարծրատիպերից և իրոք, վայելել տոները:

Placeholder
Հոգեբան. «Տոն օրերը ճիշտ կազմակերպեք` իսկապես հանգստացեք»