«Երևանում չջեռուցվող դպրոց գոյություն չունի, կառուցվել են նաև թեքահարթականեր»
Կրթություն, գիտություն
14:13 26/12/2012

«Երևանում չջեռուցվող դպրոց գոյություն չունի, կառուցվել են նաև թեքահարթականեր»

2012 թվականին ատեստավորում է ստացել երևանյան դպրոցների 10 099 ուսուցիչ, ուսումնական գործընթացն ընթացնել է ըստ քաղաքապետարանի ռազմավարական ծրագրի, իսկ չջեռուցվող դպրոց այլևս չկա: Ամփոփելով անցնող տարին` այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

«Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ` ջեռուցվեցին մայրաքաղաքի բոլոր դպրոցները, դրանով  ծնողների և դպրոցականների համար երզանքն իրականություն դարձավ: Մայրաքաղաքում գոյություն չունի չջեռուցվող դպրոց: Նույնիսկ այս օրերին մարզահագուստներով մասնակցում են ֆիզկուլտուրայի դասերին: Տաք են դահլիճները, միջանցքները, սանհանգույցները», - հայտարարեց նա:

Ըստ բանախոսի` լուրջ առաջընթաց է գրանցվել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներում նաև ներառական կրթություն իրականացնելու հարցում և ներկայումս իրականացվում է թվով 27 դպրոցներում: «Քաղաքապետարանի օժանադակությամբ այդ դպրոցներում կառուցվել են թեքահարթականեր», - նշեց նա:

Գ.Սողոմոնյանի խոսքով, բավական արդյունավետ է եղել նաև մասնագիտացված նոր կաբինետների ներդրումը, մասնավորապես` շախմատի: Նրա խոսքով, դա հնարավորություն տվեց լուրջ հաջողություններ արձանագրել շախմատի օլիմպիադաներում:  «Տարբեր կարգերում հաղթողներ ենք ունեցել նաև առարկայական օլիմպիադաներում», - ընդգծեց նա: Վարչության պետը կարևորեց նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մայրաքաղաքի դպրոցներում շուրջ քսան հազար եվրոյի շրջանակներում երկլեզվյա ուսուցման նպատակով կաբինետների բացումը:

Խոսելով մասնավոր հատվածի հետ համագործակցության մասին, Գայանե Սողոմոնյանը անդրադարձավ հեռահաղորդակցման ոլորտում հայտնի «Յուկոմ» ընկերության և քաղաքապետարանի համատեղ ծրագրին, որը հնարավորություն է տվել հեռուստակամուրջ կազմակերպել եվրոպական մի շարք պետությունների դպրոցների հետ:

«Մեկ օրինակ արդեն կա: Ծրագիրը շարունակվում է, և գարնանը կունենանք ևս երկու դպրոց: Մինչև տարվա վերջ այս ծրագիրը կկիրառվի տասնհինգ դպրոցներում», - ասաց նա:

Արձանագրվել է նաև համագործակցություն միջպետական մակարդակով. «Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հետ համագործակցությամբ սեմինարներ են կազմակերպվել Երևան ժամանած ուսուցիչների հետ: Ծրագիրը շարունակվում է», - հայտնեց կրթության վարչության պետը:

Գայանե Սողոմոնյանը գոհունակությամբ նշեց, որ այս տարվա ընթացքում հաջողվեց օգնել նաև Հայաստան ներգաղթած սիրիահայերի ընտանիքներին: «Սիրիահայ ընտանիքների թվով 270 երեխա ընդունեցինք Նար Դոսի անվան դպրոց, այդտեղ բացվեց «Կիլիկյան» վարժարանը: Անհրաժեշտ գույք և տեխնիկա է տրամադրվել դպրոցին, և այն գտնվում է մեր ուշադրության  կենտրոնում», - ասաց բանախոսը:

Placeholder
«Երևանում չջեռուցվող դպրոց գոյություն չունի, կառուցվել են նաև թեքահարթականեր»