«Եվրաինտեգրումը միայն արտաքին քաղաքականություն չէ, այլ՝ ներքին զարգացման հարց»
Քաղաքական
13:10 27/12/2012

«Եվրաինտեգրումը միայն արտաքին քաղաքականություն չէ, այլ՝ ներքին զարգացման հարց»

«2012 թվականին եվրոպական ինտեգրման գործընթացի տեմպերն ու խորությունը էականորեն տարբերվեցին նախորդ տարիներից, ինչը արտահայտվեց փոխադարձ այցելությունների քանակով և ստորագրված պայմանագրերով»,- ամփոփելով 2012թ.-ին  ՀՀ -ԵՄ հարաբերություններն ասուլիսի ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կամակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը, հիշեցնելով, որ անցնող տարին եվրոպական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեցին Երևան, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և արտգործնախարարը՝ Բրյուսել:

Բանախոսը կարևորեց նաև խորհրդարանական մակարդակով համագործակցությունը, ինչը նույնպես կարևոր է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման առումով:

 «Վերջերս ստորագրվեց վիզային ռեժիմի դյուրացման պայմանագիրը, իսկ խորը և համապարփակ, ազատ առևտրի գոտու համաձայնագրի առաջիկա ստորագրումը կարևոր նշանակություն կունենա Հայաստանի համար: Շատ դեպքերում մեր հանրությունը չի պատկերացնում, որ համաձայնագիրը վերաբերում է յուրաքանչյուր անձի: Մենք կստանանք ապրանք արտահանելու հնարավորություն: Մեր ներքին որակը, սերտիֆիկացումը պետք է համապատասխանեցվի եվրոպականին, իսկ սա բխելու է յուրաքանչյուրիս շահերից»,- նշեց նա:

Կ.Բեքարյանի խոսքով, եվրոպական ինտեգրումը շարունակում է մնալ ՀՀ-ի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը,  ինչը հասկանալի դարձավ նաև ՀՀ նախագահի ՀՀԿ վերջին համագումարի ելույթից:

«Եվրաինտեգրումը միայն արտաքին քաղաքականություն չէ, դա երկրի ներքին զարգացման հարցն է: Եթե համագումարի ելույթը դիտարկում ենք որպես նախընտրական ծրագրի մաս, պետք է ասել, որ ամբողջ ներքին բլոկը իրենից ներկայացնում էր եվրոպական ինտեգրացիա»,- ասաց նա:

Բանախոսը գոհունակությամբ նաև նշեց, որ Հայաստանում արդեն նվազում է միտումը եվրոպական ինտեգրման տեմպն ու խորությունը համեմատել Ադրբեջանի հետ: «Ուրախությամբ արձանագրեմ, որ ինտեգրման այս տեմպերը այսօր համեմատվում են Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի հետ, ինչ արդեն ձեռքբերում է»,- ասաց «Եվրոպական ինտեգրացիա»-ի նախագահը:

Placeholder
«Եվրաինտեգրումը միայն արտաքին քաղաքականություն չէ, այլ՝ ներքին զարգացման հարց»