Կոնգրեսը կգնա՞ բոյկոտի ճանապարհով
Օրվա մամուլ
09:34 27/12/2012

Կոնգրեսը կգնա՞ բոյկոտի ճանապարհով

Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում երեկ քաղխորհրդի նիստ է տեղի ունեցել, որտեղ նիստի մասնակիցները քննարկել են նախագահի ընտրություններին մասնակցության իրենց ձևաչափը: Այս մասին գրում է «Հրապարակը»:

Քաղխորհրդի նիստում որոշում է ընդունվել, որը, ըստ Լևոն Զուրաբյանի, որոշակի կոնսուլտացիաներից հետո կհրապարակվի այսօր: Սակայն թերթին հաջողվել է պարզել, որ Կոնգրեսում քննարկումների արդյունքում հանգել են բոյկոտի տարբերակին: Եվ եթե մինչեւ վաղը փոփոխություններ չլինեն, չի բացառվում, որ Կոնգրեսը հայտարարի ընտրությունները բոյկոտելու և որևէ մեկի թեկնածությունը չպաշտպանելու մասին:

Քաղխորհրդի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից թերթը փորձել է պարզել, եթե ՀԱԿ-ն ընտրի բոյկոտի տարբերակը, հնարավո՞ր է իրենք էլ դուրս գան ՀԱԿ-ի կազմից և պաշտպանեն Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Մակեյանն ասել է, որ Բագրատյանին կամ որևէ այլ թեկնածուի սատարել-չսատարելու հարցն իրենք կքննարկեն հունվարի կեսին կայանալիք իրենց կուսակցության քաղխորհրդի նիստում և հիմա որոշակի ոչինչ ասել չեն կարող:

Ի դեպ, ՀԱԿ-ի երեկվա քաղխորհրդի նիստին Մակեյանը, ինչպես նաև «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը չեն մասնակցել:

Placeholder
Կոնգրեսը կգնա՞ բոյկոտի ճանապարհով