Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գ. Հարությունյան. Ե՛վ եվրոպական, և՛ եվրասիական ինտեգրացիոն գործընթացները միմյանց փոխլրացնող են
2012 թվականին բուռն զարգացումներ տեղի ունեցան ինչպես Հայաստանի սահմանների հարևանությամբ, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում ու աշխարհում: Մասնավորապես, շարունակվում են հեղափոխական գործընթացները Մերձավոր Արևելքի արաբական երկրներում, նոր ինտեգրացիոն գործընթացներ են տեղի ունենում ի դեմս Եվրասիական միության ձևավորման գործընթացի, ինչպես նաև չի թուլանում Իրանի շուրջ առկա լարվածությունը:Այս ամենը Panorama.am-ը ամփթփել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի հետ:
-Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կգնահատեք անցնող 2012 թվականը:
-2012-ը շատ բարդ և ծանր տարի էր: Մենք տեսնում ենք «Արաբական գարնան» հետևանքները: Երկու առանցքային երևույթ կա: Առաջինը եգիպտոսում տիրող իրավիճակն է` տեղի ունեցող հեղափոխական գործընթացների արդյունքում: Եգիպտոսը համարվում է արաբական երկրների առաջատարը, բայց այսօր նա լուրջ խնդիրներ ունի ու այդպիսիք կունենա նաև տեսանելի ապագայում: Նախկին իշխանությունը պահպանում էր կայուն իրավիճակը և մեծ դժվարությամբ զսպում էր «Մահմեդական եղբայրների» նկրտումները: «Ժողովրդավարական» շարժումը տապալեց Մուբարաքին, սակայն այսօր այդ նույն հեղափոխական հատվածը հայտնվեց շատ ավելի վատ պայմաններում: Սա բնորոշ է նման հեղափոխություններին` ցածր ինքնագիտակցություն ունեցող զանգվածի առկայության և արտաքին ազդեցության համատեղումը որպես կանոն վատ հետևանքների է հանգեցնում: Եգիպտական գործընթացները լուրջ մարտահրավերներ են նաև մեզ համար, որովհետև դրանք եգիպտական քրիստոնեական համայնքի և այդ թվում հայ համայնքի վրա խիստ բացասական են ազդում և այդ միտումը սաստկանալու է։
- Ի՞նչ կասեք Սիրիայում ծավալվող նմանատիպ գործընթացների վերաբերյալ:
-Սիրիայում որևիցե հեղափոխության մասին խոսելը լուրջ չէ: Այնտեղ աշխարհաքաղաքական պատերազմ է ընթանում: Արևմտյան տերությունները, Թուրքիան և տեղական արաբական մի քանի պետություններ` Սաուդյան Արաբիան, Քաթարը և այլն ֆինանսավորում են զինյալներին: Ըստ որոշ դիտարկումների, այսպես կոչված քաղաքացիական պատերազմում, այսպես կոչված ընդդիմության միայն քսանհինգ տոկոսն են Սիրիայի քաղաքացիներ: Զինյալները հիմնականում դրսից եկածներ են` Լիբիայից, Աֆղանստանից, անգամ Ադրբեջանից:
- Կա՞ն կոնկրետ տվյալներ, որ այդ անձինք իսկապես Ադրբեջանից են:
-Այո, այդ մասին հատուկ հաղորդում եղավ, կառավարական ուժերի կողմից գերեվարված զինյալը եղել է ադրբեջանցի և Ադրբեջանի Հանրապետության անձնագիր է ունեցել: Սիրիայում տեղի ունեցող գործողություններին անմիջականորեն մասնակցում է նաև թուրքական զինուժը: Ի դեպ, այնտեղ գերևարվել է թուրքական գեներալ և տասնյակ թուրք ռազմական խորհրդականներ, որոնք անմիջական մասնակցություն ունեցել ռազմական գործողություններին:
- Ի՞սկ որ երկրներն են աջակցում Բաշար Ասադին:
-Այստեղ խոսքը հիմնականում Իրանի մասին է, որի զինուժի հատուկ ստորաբաժանումներից, ըստ որոշ տվյալների, կամավորականներ են մասնակցում: Այսինքն` մենք տեսնում ենք, որ մի կողմից Արևմտյան պետություններն են ակտիվ մասնակցում ու ֆինանսական աջակցություն ցուցաբերում սիրիական զինյալներին, ու դրան զուգահեռ այնտեղ բազմաթիվ իսլամական ահաբեկչական խմբավորումներ են գործում: Մյուս կողմից տեսնում ենք, որ Սիրիային փորձում են օգնել Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը: Այսինքն` այստեղ պայքար է ընթանում գլոբալ աշխարհաքաղաքական դերակատարների միջև:
Կարելի է փաստել, որ այսպես կոչված «Արաբական գարնան» արդյունքում ընթանում է Մերձավոր Արևելքի ապապետականացում: Լիբիան դժվար է այսօր պետություն անվանել, Սիրիան դժվար է պետություն անվանել, որովհետև դա պաերազմի թատերաբեմ է, ավելի վաղ նույն վիճակում է հայտնվել Իրաքը: Եթե նույնիսկ տապալվի Ասադի կառավարությունը, միևնույն է այնտեղ տարբեր խմբավորումների միջև պայքարը շարունակվելու է:
-Ասադի ռեժիմի տապալումը տարածաշրջանում ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:
-Ասադի ռեժիմի տապալումը կարող է բերել Իրանի թուլացմանը: Իսկ Իրանի թուլացումը բերելու է Թուրքիայի հզորացմանը, որը մեզ համար լավ սցենար չէ, քանի որ մենք գիտենք, թե Թուրքիան ինչպիսի դիրքորոշում ունի Հայաստանի հանդեպ: Նա մերժեց սահմանի բացումը, արձանագրությունների ստորագրումը և ամեն ինչ կապում է Ադրբեջանի ու ԼՂՀ հակամարտության կարգավորման հետ:
-Արդյո՞ք Արևմուտքին ձեռնտո՞ւ է Թուրքիայի հզորացումը, ինչը տարածաշրջանում ուժերի հարաբերակցության խախտման կհանգեցնի:
-Արևմուտքին որևէ հավասարակշռության խախտում ձռնտու չէ, բայց իներցիայով մենք բացարձակաացնում ենք Արևմուտքի կարողությունները: Ինքը՝ հավաքական Արևմուտքը արդեն արձանագրում է, որ իր ազդեցությունը գնալով նվազում է: Մի բան պետք է փաստել, որ տարածաշրջանը դարձել է խիստ անկայուն:
-Այս սցենարներում ի՞նչ տեղ ունի Ադրբեջանը:
-Ադրբեջանը բավական երկիմաստ տեղ ունի, քանի որ նա մնացել է երկու վտանգի միջև: Մեկը Իրանի հանրապետությունն է, և նրան զինում են Իրանի դեմ, մյուս կողմից էլ հայկական գործոնն է: Բոլոր դեպքերում նրանք նույնպես կարող մտնել այդ տուրբուլիզացիոն գործընթացների մեջ: Նախորդ տարի, երբ չափում էին տարբեր պետությունների հեղափոխական ներուժը, Ադրբեջանը բավական բարձր հորիզոնական էր զբաղեցնում:
- Իսկ ինչպե՞ս կբնութագրեք անցնող տարում տեղի ունեցած փոփոխությունները կովկասյան տարածաշրջանում:
-Ամենամեծ դրական փոփոխությունը ես կասեի, Վրաստանի նոր ղեկավարությունն է: Դա աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխություն է: Դա կարող է վերացնել 2008 թվականին ստեղծված տարածքային պատնեշը Հայաստանի և իր ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի միջև: Թբիլիսին սկսել է ավելի սթափ դիտարկել թուրքական և ադրբեջանական տնտեսական ազդեցության մեծացման հանգամանքը Վրաստանում: Իհարկե սրանք դեռևս միկրոքայլեր են, բայց ես տեսնում եմ միտումը:
Հարավային Կովկաս ասածն ընդհանուր առմամբ արհեստական հասկացություն է: Հայ-վրացական հարաբերությունների բարելավումը կարող է տարածաշրջանին այլ քաղաքակրթական բովանդակություն հաղորդել:
- Պարոն Հարությունյան, անդրադառնանք նաև եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին: Ի՞նչ կարող է տալ Հայաստանին այս ուղղություններով ինտեգրացիան:
- Ի դեմս ԵՄ-ի մենք ունենք տնտեսապես (աշխարհի ամենամեծ տնտեսությունն է), տեխնոլոգիապես և օրենսդրորեն շատ զարգացած կառույց, որը սակայն դեռևս ունի աշխարհաքաղաքական առումով կայացման խնդիրներ, քանի որ միասնական պետություն չէ։ Մյուս կողմից Ռուսաստանը սկսել է վերականգնել իր ավանդական աշխարհաքաղաքական կարգավիճակը և թեև չունի կատարյալ տնտեսության ու օրենսդրություն, բայց հզոր միջուկային տերություն է և հանդիսանում է մեր անվտանգության երաշխավորողը՝ մասնավորապես թուրքական նկրտումներից։ Հայաստանը պետք է ձգտի ակտիվ մասնակցել և՛ եվրոպական, և՛ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին. դրանք միմյանց փոխլրացնող են։