Գործարարները «քցե՞լ» են Նարինե Մկրտչյանին
Քաղաքական
14:13 08/01/2013

Գործարարները «քցե՞լ» են Նարինե Մկրտչյանին

Մենք պատրաստվում ենք 48 ժամվա ընթացքում Ընտրական օրենսգրքով պահանջվող 8 մլն դրամ ընտրագրավը տանել և վճարել: Այդ մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստից հետո Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Նարինե Մկրտչյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Վարդանյանը:
Նարինե Մկրտչյանը ԿԸՀ նիստին չէր ներկայացել: ԿԸՀ որոշմամբ, տիկին Մկրտչյանին հատկացվելու է 48 ժամ պահանջվող 8 մլն դրամը վճարելու համար: Ժամկետն ավարտվելու է հունվարի 10-ին, ժամը 14:00-ին:

Մեր հարցին, թե ինչո՞ւ մինչև այժմ ընտրագրավը չի վճարվել, Վարդանյանը ժպտալով պատասխանեց. «Որովհետև չի եղել, որ վճարվեր: Հիմա մենք փորձում ենք գտնել միջոցներ»:

-Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք փորձում գտնել

-Գործարարների հետ հանդիպումների ընթացքում: Եղել են հանգանակությունների առաջարկներ, բայց մենք չենք ցանկանում այդ քայլին գնալ` հաշվի առնելով մարդկանց սոցիալական վիճակը:

-Եթե համապատասխան հնարավորությունները չկային, Նարինե Մկրտչյանն ինչո՞ւ որոշեց առաջադրվել:

-Նա դա երկու օրում չի որոշվել: Սա մի քանի ամսվա աշխատանք է, մենք ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, սակայն մեկ օրում հիմնական գումար տվող գործարարները հրաժարվեցին: Մենք այժմ աշխատում ենք այլ գործարարների հետ, սակայն նկատել ենք մի բան` գործարարները բավականին վախեցած են ու չեն ցանկանում քաղաքական որևէ պրոցեսի մասնակցել:

-Վախեցած ասելով ի՞նչ նկատի ունեք, պարոն Վարդանյան:

-Չխառնվել որևէ բանի:

-Դուք ակնարկում եք, թե նման հրահա՞նգ է եղել նրանց:

-Ես չգիտեմ, թե նման հրահանգ կա, թե ոչ: Ես այդպիսի հայտարարություն անել չեմ կարող: Ուղղակի նրանք ասում են, որ մենք չենք կարող խառնվել այդ ամենին:

-Իսկ ո՞ր գործարարներն են, կնշե՞ք անուններ, որպեսզի Ձեր հայտարարությունը մերկապարանոց չհնչի:

-Ես չեմ կարող ասել, դուք, ոչինչ գրեք մերկապարանոց…

Placeholder
Գործարարները «քցե՞լ» են Նարինե Մկրտչյանին