Կարատեիստ թեկնածուն կհավաքի պարտքերը` «փողը գործի մեջ դնելու համար»
Քաղաքական
17:49 08/01/2013

Կարատեիստ թեկնածուն կհավաքի պարտքերը` «փողը գործի մեջ դնելու համար»

«Հենց 25 մլն դրամ ունենամ, ֆսյո, մտնում եմ ընտրապայքարի մեջ, միանշանակ», -այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստից հետո Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում իր ծրագրերը ներկայացրեց Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը, որն ինքնառաջադրվել է: 

Նա չգրանցվելու ռիսկի տակ է, քանի որ չի վճարել Ընտրական օրենսգրքով նախատեսված 8 մլն դրամ ընտրական գրավը, և այսօրվա նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց նրան տրամադրել 48 ժամ գումարը հայթայթելու համար: Հատկացված ժամանակը կավարտվի հունվարի 10-ին ժամը 14:00-ին:

Հետաքրքրվեցինք, թե երկու օրում հնարավո՞ր է այդքան գումար հավաքել, կարատեիստ թեկնածուն պատասխանեց. «Հնարավոր է»:

-Ինչպե՞ս:
-Կնայենք էլի

-Հստակ որևէ բան կարո՞ղ եք ասել` որտեղից եք հավաքելու այդքան գումար:
-Ես երկար ժամանակ գործարարների անվտանգության ծառայությունն եմ ապահովել ու էդ փողը պահել եմ սև օրվա: Իրենք պարտքեր ունեն, որ պիտի տան: Ուղղակի հանդիպում է պետք իրանց հետ ունենամ: Պիտի հանդիպենք, քննարկենք:

Նա ասաց, որ մինչ այդ տոներ են եղել, դրա համար նման հանդիպում չի կայացել: «Ո՞նց կլինի տոն օրերին գնաս ու ասես` ախպեր ջան էսինչ ժամանակվանից պարտք ես, արի պարտքս տուր, փողը դնեմ գործի մեջ: Խնդիր չունենք, էդ փողը հավաքելու ենք», -փոխանցեց թեկնածուն:

Հարակից լուր. Գործարարները «քցե՞լ» են Նարինե Մկրտչյանին

 

Placeholder
Կարատեիստ թեկնածուն կհավաքի պարտքերը` «փողը գործի մեջ դնելու համար»