Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը գաղտնի ստրատեգիա է
Օրվա մամուլ
09:53 10/01/2013

Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը գաղտնի ստրատեգիա է

«Առավոտ»-ի խմբագրականում Արամ Աբրահամյանը գրում է. «Այն բանից հետո, երբ բռնապետական ռեժիմը նենգաբար հիշեցրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ նա 68 տարեկան է, և վերջինս որոշեց չառաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, ոչ մի քաղաքական գործիչ (եթե նա իսկապես իրեն ներկայիս ռեժիմի հակառակորդ է համարում) չպիտի համարձակվեր առաջադրվել: Ընդհանրապես բոլոր հասարակական և քաղաքական ուժերը պետք է դադարեցնեին իրենց գործունեությունը` հայտարարելով, որ բռնապետության պայմաններում այդ ամենը հնարավոր չէ, վեր է ածվում կատարյալ ֆարսի և ջուր է լցնում ռեժիմի ջրաղացին:|

Իհարկե, այդ պատմական չառաջադրումից հետո կարելի է, որոշ վերապահումներով, թույլ տալ, որ մարդիկ շարունակեն գնալ աշխատանքի, իսկ ամուսինները որոշակի քայլեր ձեռնարկեն` ժառանգներ ունենալու համար: Բայց ինչ մնում է հասարակական, քաղաքացիական ակտիվությանը, ապա այստեղ կասկած չկա` ցանկացած քայլ, որը կհանդգնի անել ցանկացած քաղաքական գործիչ` առանց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի թույլտվության, ուղղված է բռնապետության երկարաձգմանը: Ավելին` առաջին նախագահը կատարեց իր քայլը հենց նրա համար, որ հերթական անգամ պարզաջրի քաղաքական դաշտը` բաժանելով այն նրանց, ովքեր կողմ են բուրժուադեմոկրատական հեղափոխությանը և, հետեւաբար, չեն առաջադրվում ու ոչ մեկի չեն սատարում, և նրանց, ովքեր սպասարկում են ռեժիմին` առաջադրվելով ու սատարելով:

Այդպիսով` հիմա արդեն պարզ է դառնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը գաղտնի ստրատեգիայի շարունակությունն է` ստրատեգիա, որին փորձագիտական մակարդակով տիրապետում է ընդամենը 3-4 հոգի: Մնացած հասարակ մահկանացուները, որոնց հարկ չի համարվում տեղյակ պահել այդ գերգաղտնի ռազմավարության մասին, արժանի չեն դրան և կիմանան արդյունքներն ի հայտ գալուց հետո»:

Placeholder
Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը գաղտնի ստրատեգիա է