Ա.Բախշյանը մեղադրում է. Ամեն ինչ տանում է նրան, որ դիմորդները պարտադրված լինեն պարապել կրկնուսույցների հետ
Կրթություն, գիտություն
18:47 16/01/2013

Ա.Բախշյանը մեղադրում է. Ամեն ինչ տանում է նրան, որ դիմորդները պարտադրված լինեն պարապել կրկնուսույցների հետ

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը իրեն դիմած բոլոր դիմորդների նամակները այսօր հանձնել է ԳԹԿ-ի տնօրեն Գագիկ Մելիքյանին: Այս մասին տիկին Բախշյանը հայտնեց Panorama.am-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, վերջին օրերին շտեմարանների շուրջ լայն հասարակական քննարկում ծավալվեց, դիմորդներից շատերը նամակներով իրենց բողոքն ու առաջարկությունները ներկայացրեցին Անահիտ Բախշյանին, որն էլ դրանք հրապարակեց facebook-յան իր էջում` էլ ավելի լայն քննարկման դարձնելով թեման:

Ա.Բախշյանը տեղեկացրեց, որ այսօր նամակներում բարձրացված խնդիրները արդեն իսկ քննարկվել են շտեմարանների հեղինակների մասնակցությամբ, իսկ վաղը նույն քննարկմանը ներկա կգտնվեն նաև ուսուցիչներ` վաղը ժամը 13.30-ին պետք է կայանա քննարկում ուսուցիչների և շտեմարանների հեղինակների հետ:

Մեր հարցին ի պատասխան, թե ի՞նչ ակնկալիք ունի ինքը, այս քննարկումները ցանկալի արդյունք կունենան և շտեմարանները կփոխվեն, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենն ասաց, որ ինքը միայն դրական արդյունք է ակնկալում և համոզված է, որ հենց այդպես էլ կլինի.

«Չեմ կասկածում, որ արդյունք կլինի, որովհետև այսօր ինձ հավաստիացրեցին, որ ընթացիկ ամեն մի փոփոխություն կհրապարակեն և իրենք շատ ուրախ են, որ այսպիսի արձագանքներ են ստանում»,- նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է ժամանակին, արդյո՞ք կտեղավորվեն այդ փոփոխությունների այն կարճ ժամանակահատվածի մեջ, որ մնացել է մինչ ավարտական քննությունները, մեր զրուցակիցը արձագանքեց.

«Իհարկե շատ ուշ է. հունվարը ավարտին է մոտենում, երեխաները խուճապի մեջ են: Գոնե փոփոխեն այնպես, որ քննական թեստերը հնարավորինս մաքուր ու անվտանգ լինեն աշակերտների համար»,- համաձայնեց Ա.Բախշյանն ու կրկնեց վստահությունը, որ փոփոխությունն անպայման կլինի:

Ի դեպ, Ա.Բախշյանին ԳԹԿ-ում հավաստիացրել են, թե նման բողոքներ ու առաջարկություններ իրենք էլ միշտ ստացել են, ինչը մտորելու տեղիք է տվել` այդ դեպքում ինչո՞ւ էին երեխաները ահաբեկված բարձրաձայնում, որ իրենց չեն լսում, իրենց ձայնը լսելի չէ.

«Մինչդեռ մինչև նամակները իմ կողմից չհրապարակվեցին որևէ մեկը չգիտեր, որ ԳԹԿ-ն զբաղվում է շտեմարաններում առկա մտահոգիչ խնդիրներով»:

Ամենացավոտ հարցը` ինչո՞ւ են շտեմարաններն այս աստիճան բարդացվել, արդյո՞ք հիմնական նպատակն այն է, որ դիմորդները պարտադրված լինեն կրկնուսույցի մոտ պարապել (գրեթե բոլոր հրապարակված նամակներում առկա է կրկնուսույցի մոտ պարապելու փաստը ու այն, որ եթե չլիներ կրկնուսույցը, ապա…).

«Ամեն ինչ տանում է նրան, որ ոչ միայն դիմորդները պարտադրված լինեն պարապել կրկնուսույցների հետ, այլև երեխաներից միավորներ խլեն: Խլեն, որ դիմորդները գնան ու կառչեն իրենցից ու շտեմարանների հեղինակները ունենան մշտական աբիտուրիենտներ»,- շեշտեց Ա.Բախշյանը:

Նախորդիվ` 
Ա.Բախշյանին ուղղված հերթական նամակը. «Թեստը ստեղծված է գիտելիքներս ստուգելու, թե ինձնից միավոր խլելու համար»

 

 

Placeholder
Ա.Բախշյանը մեղադրում է. Ամեն ինչ տանում է նրան, որ դիմորդները պարտադրված լինեն պարապել կրկնուսույցների հետ