ԵԱՀԿ-ն դատապարտում է Ադրբեջանում լրագրողների նկատմամբ իրականացված վերջին բռնությունները
Իրավունք
12:16 16/01/2013

ԵԱՀԿ-ն դատապարտում է Ադրբեջանում լրագրողների նկատմամբ իրականացված վերջին բռնությունները

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարությամբ է հանդես եկել, որում մտահոգություն է հայտնել հունվարի 12-ին Բաքվում տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանության կողմից լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների առնչությամբ:
Այս մասին ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունում:

Նշվում է, թե հայտարարությունը նամակի տեսքով ուղարկվել է Ադրբեջանի ԱԳՆ և ՆԳՆ:

Հիշեցնենք, ցույցի մասնակիցները փողոց էին դուրս եկել ադրբեջանական բանակում արձանագրված սպանությունների և զինծառայողների նկատմամբ խոշտանգումների հետաքննության պահանջով: Ոստիկանության ուժերի հետ բախման հետևանքով տուժել էին մի շարք լրագրողներ, այդ թվում «Obyektiv TV», «Azadliq» թերթի թղթակիցները, deyerler.org» կայքի ու «Ազատություն» ռադիոկայանի տեղական ծառայության լրագրողները:

«Ես դատապարտում եմ զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ ցանկացած բռնություն, որը լուրջ խոչընդոտ է ԶԼՄ-ների ազատության և բազմակարծության համար: Կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննել միջադեպը և քայլեր ձեռնարկել նմանօրինակ միջադեպերը ապագայում կանխելու նպատակով», - ասված է Միյատովիչի հայտարարությունում:

Առանձնահատուկ ընդգծվում է ուժի գործադրումը Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովի նկատմամբ, որին ոստիկանները գետին էին տապալել:

«Առանձնակի մտահոգ եմ այն փաստի առնչությամբ, որ լրագրողները կոշտ վերաբերմունքի էին արժանացել ոստիկանների կողմից, չնայած այն հանգամանքին, որ կրում էին որպես ԶԼՄ ներկայացուցիչ տարբերակող բաճկոններ», -ասված է հաղորդագրությունում:

«Այս միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք պետք է շարունակենք համատեղ միջոցառումները, այդ թվում ուսումնական կուրսերի տեսքով, որոնք Բաքվում նախորդ տարի նոյեմբերին կազմակերպվել էին ոստիկանության ներկայացուցիչների և լրագրողների համար իմ գրասենյակի կողմից», - ասված է նամակում:

Placeholder
ԵԱՀԿ-ն դատապարտում է Ադրբեջանում լրագրողների նկատմամբ իրականացված վերջին բռնությունները