Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանաբնակ քրդերի բողոքի ակցիան ֆրանսիական դեսպանատան դիմաց.«Մեղավորներին` արդարացի պատիժ»
Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներն այսօր բողոքի ցույց անցկացրեցին Երևանում` Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Նման միջոցառմամբ նրանք իրենց զորակցությունը հայտնեցին Ֆրանսիայում բնակվող քրդերին` երեք քուրդ կին ակտիվիստների սպանության կապակցությամբ:
Ինչպես panorama.am-ին հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի բաժնից` հայաստանյան քրդերը դեպքի վերաբերյալ նամակ-բողոք են փոխանցել դեսպան Անրի Ռենոյին` պահանջելով սպանության թափանցիկ նախաքննություն և մեղավորների արդարացի պատիժ: Հայաստանցի ակտիվիստները ծաղիկներ տեղադրեցին դեսպանատան մուտքի մոտ` հարգանքի տուրք մատուցելով զոհվածներին: Դեսպանատանը հայտնեցին, որ հնարավոր կարճ ժամկետում դեսպանը կպատասխանի այդ նամակին: Դիվանագիտական առաքելության մամուլի բաժնում նաև տեղեկացրեցին, որ նման ցույցեր շարունակաբար տեղի են ունենում նաև մյուս երկրներում:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Փարիզում գտնվող Քուրդիստանի տեղեկատվական կենտրոնում հրազենային կրակոցով սպանված են հայտնաբերել հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող երեք կանանց:
Զոհվածներից մեկը Քուրդիստանի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ֆիդան Դողանն է, երկրորդը` Քուրդիստանի բանվորական շարժման հիմնադիրներից Սակինթ Ջանսըզը, և երրորդը` երիտասարդ ակտիվիստ Լեյլա Սոյլոմեզը:
Ըստ «Վիքիպեդիայի», Ֆրանսիայում բնակվում է շուրջ 150 հազար քուրդ, որոնց 96%-ը Թուրքիայից են: Առաջին թուրքաբնակ քրդերը եկել են Ֆրանսիա` 1965 թվականին ստորագրված ֆրանս-թուրքական համաձայնության շրջանակներում:
Սպանության մասին լուրին հաջորդած բողոքի ալիքի մասնակիցները ելույթներում նշում են, որ եթե Ֆրանսիան չգրանցեր «Քրդական բանվորական շարժում» կուսակցությունը ահաբեկչական կառույցների ցանկում` «Եվրոպայի սրտում նման սպանություն չէր լինի»: