Իվանիշվիլիին բարկացրեց վրաց լրագրողի հարցը (լրացված)
Քաղաքական
12:28 17/01/2013

Իվանիշվիլիին բարկացրեց վրաց լրագրողի հարցը (լրացված)

Երևանում գտնվող Վրաստանի վարչապետին բարկացրեց վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողի հարցը, որը վերաբերում էր Վրաստանի ԱԳ նախարարի հայտարարությանը՝ ԼՂ խնդրի վերաբերյալ:

Բիձինա Իվանիշվիլին նկատեց, որ Վրաստանում ամենատարբեր մակարդակներով արձագանքել ու մեկնաբանել են արտգործնախարարի հայտարարությունը, «հարցը սպառված է»:

Նշենք, որ նախօրեին տարածվել էր նաև ԱԳ նախարարի հայտարարության տեսագրությունը: Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները աղավաղել էին Փանջիկիձեի հայտարարությունը:

Իվանիշվիլին հայտնեց, որ երկու օր շարունակ այդ հեռուստաընկերությունը չարչրկում էր թեման, «ուրախանում»: Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հարցը հնչեցրած լրագրողից Վրաստանի վարչապետը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նորից թարմացնում թեման:

Բիձինա Իվանաշվիլին նշեց, որ ինքը գիտակցում է ԼՂ խնդրի բարդությունն ու գտնում, որ խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով:
«Ես մանրամասնորեն չեմ ուզում խոսել հարցի մասին, հարցն իրոք շատ բարդ է: Իմ ցանկությունն ու կոչն է, որ հարցը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Ես ուզում եմ, որ երկու պետությունները ներդնեն բոլոր հնարավորությունները հարցի խաղաղ կարգավորման համար»,-ասաց Իվանիշվիլին:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց գործընկերոջը` ԼՂ խնդրի կարգավորման հարցում Վրաստանի ցուցաբերած հավասարակշռված դիրքորոշման համար: Տ. Սարգսյանն ընդգծեց, որ շատ հաճախ ադրբեջանական լրատվամիջոցները աղավաղում են այս կամ այն երկրի պաշտոնյայի հայտարարությունները` ԼՂ խնդրի վերաբերյալ:
«Մենք շնորհակալ ենք մեր վրացի գործընկերներին, որ նրանք նման աղավաղումների դեպքում օպերատիվ արձագանքեցին, որպեսզի չլինեն այնպիսի մեկնաբանություններ, որոնք չեն համապատասխանում Վրաստանի կառավարության մոտեցումներին»,-ասաց Հայաստանի վարչապետը:

Նախորդող` Ի՞նչ է իրականում ասել Մայա Փանջիկիձեն (տեսագրություն)

Placeholder
Իվանիշվիլիին բարկացրեց վրաց լրագրողի հարցը (լրացված)