Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում այս պահին տեղադրված են գրանցված 8 թեկնածուներից միայն 4-ի գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը: Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, թեկնածուների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը ԿԸՀ կայքում տեղադրվում են այն ներկայացնելուց հետո` երեքօրյա ժամկետում, մինչև հունվարի 22-ը:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանն իր ունեցվածքի մասին լեգենդներ է պատմում: Մամուլում հրապարակումներ եղան, որ նրա հանկարծակի հարստացումը զարմացրել է նաև նրա համագյուղացիներին: Սեդրակյանը լրագրողներին անընդհատ պատմում է, որ կնոջ, որդու համար թանկարժեք մեքենաներ գնելը բարդ բան չէ: Խոսում են, որ նա այս պահին միաժամանակ երեք առանձնատուն է կառուցում: Տեսնենք, թե ինչ է հայտարարագիր է ներկայացրել էպոսագետը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Պարզվում է էպոսագետը որևէ եկամուտ չունի: Հայտարարագրում եկամտի մասին աղյուսակի բոլոր վանդակներում նշված է` «չկա»:
Այս թեկնածուն 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք էլ չունի, չունի նաև արժեթղթեր կամ ներդրումներ: Դրանց փոխարեն թեկնածուն սեփականության իրավունքով բավականին մեծ մակերեսով անշարժ գույք ունի Երևանում ու դրա մերձակայքում: Վ. Սեդրակյանի` հանձնաժողովին ներկայացրած հայտարարգրի համաձայն նա ավելի քան 252 քմ մակերեսով բնակելի տուն ունի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ևս 132 քմ մակերեսով բնակարան`Արաբկիր վարչական շրջանում: Նա մի քանի հա հողատարածներ ունի Կոտայքի մարզի Եղվարդ և Քարաշամբ համայնքներում, ունի նաև մոտ 300 քմ մակերոսով անասնագոմ նույն Քարաշամբում: Գոմում ապրողների մասին ցուցակում խոսք չկա: Շարժական գույքից ունի 1.5 տարեկան ավտոմեքենա`«Միցուբիշի outlander 0.3»: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունի 9 մլն 9 000 հազար դրամ:

«Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարագրել է 613 քմ ընդհանուր մակերեսով մեկ տուն` հարակից հողամասով, երկու բնակարան, մեկ ավտոտնակ, բոլորն էլ համատես սեփականության իրավունքով: Բնակարաններից մեկը Կենտրոնում է` Սայաթ Նովա փողոցում, մյուսները` Արաբկիրում: Որպես շարժական գույք Բագրատյանը հայտարարագրել է 2003-ին թողարկված «Նիսան x-trail»` միանձնա սեփականության իրավունքով:
Եկամուտների բաժնում Բագրատյանը նշել է Ազգային Ժողովից տարեկան ստացվող 2 մլն 180 հազար դրամը, Ռուս-հայկական համալսարանից` ավելի քան 1 մլն դրամ, Ուկրաինայի ազգային բանկի բանկային գործի համալսարանից` 914 39 հրիվնա / 50.0500 AMD - 1 UAH/, ոգելիվ խմիչքներ արտադրող Pernord Ricard ֆրանսիական ընկերությունից 9400 եվրո, վարձակալան վճար` 7.34 մլն դրամ: Ի դեպ, հիշյալ ընկերության բաժնետոմսերի 0.0003 տոկոսը պատկանում է նրան:
Հայտարարագիրը ներկայացնելու պահին Բագրատյանն ունեցել է 65000 դոլար դրամական միջոց: Բագրատյանի հայտարարագիրն այսքանով ավարտվում է:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախկին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն անշարժ գույք ունի Նորքում և Երզնկյան փողոցում: Մակերեսների ու սեփականության իրավունքի մասին տեղեկություն չկա: Ունեցած շարժական միակ գույքը «Գազ 311000» մակնիշի մեքենան է, թողարկման տարեթիվը նշված չէ: 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույքի, արժեթղթերի ու ներդրումների, ինչպես նաև եկամուտների մասին վանդակները դատարկ են: Հայտարարագիրը ներկայացնելու պահին ունեցած դրամական միջոցները 402 հազար դրամն է և 51 հազար դոլարը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով ունի 96 քմ մակերեսով շենք-շինություն ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: Միանձնյա սեփականության իրավունքով ունի 1992 թ. թողարկված «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի մեքենա: 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք բաժնում Սերժ Սարգսյանը հայտարարագրել է 18-20-րդ դարի հնաոճ իրեր` արձանիկներ, քանդակներ և այլն, Սարյանի, Խանջյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Երվանդ Քոչարի, Կոջոյանի, Աբեղյանի կտավների հավաքածու, ինչպես նաև ժամանակակից նկարիչների 32 կտավներ:
Հայտարարգրի համաձայն, գործող նախագահի եկամուտները ստացվում են աշխատավարձից ու աշխատավարձին հավասարեցված վճարումից, ինչպես նաև «Արարատ բանկից»` տրված փոխառնությունների դիմաց ստացված տոկոս /3.9 մլն դրամ տարեկան աշխատավարձ, 2.6 մլն դրամ աշխատավարձին հավասարեցված վճարում, 10.9 մլն դրամ` Արարատբանկից/: Հայտարարագիրը ԿԸՀ ներկայացնելու օրվա` հունվարի 16-ի դրությամբ, Ս. Սարգսյանն ունեցել է 108.4 մլն դրամ: Արժեթղթեր, ներդրումներ չկան: 