Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՖԻԴԵ-ի նախագահ. Շախմատային աշխարհում բոլորը գիտեն, թե ինչպիսի մեծ հաջողությունների է հասել Հայաստանը
Այսօր Ծաղկաձորում մեկնարկած Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահական խորհրդի նիստը բացել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Նա իր խոսքում նախագահական խորհրդի անդամների և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին և ֆեդերացիայի բոլոր անդամներին՝ Հայաստանում ջերմ հյուրընկալության և խորհրդի աշխատանքների համար հիանալի պայմաններ ստեղծելու համար:
Ի պատասխան իր խոսքում ՀՀ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը բավարարված է ՖԻԴԵ-ի հետ մեր համագործակցությամբ, ցանկանում է խորացնել համագործակցությունը:
Կիրսան Իլյումժինովն ընդգծել է, որ շախմատային աշխարհում բոլորը գիտեն, թե ինչպիսի մեծ հաջողությունների են հասել Հայաստանի ներկայացուցիչները: Նրա խոսքով, բավական է հիշատակել, որ համաշխարհային վերջին չորս օլիմպիադաներից երեքում հաղթել են Հայաստանի շախմատիստները՝ աշխարհագրորեն փոքր, բայց շախմատային ուժի տեսանկյունից հսկայական երկրի ներկայացուցիչները:
Նիստի մասնակիցներին տեղեկացնելով, որ վերջերս շախմատը Հայաստանի դպրոցներում դարձել է պարտադիր առարկա, ՖԻԴԵ-ի նախագահը նշել է, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ՀՀ դպրոցներում շախմատի ծրագրի վերաբերյալ հատուկ շնորհանդես է պատրաստել:
Կիրսան Իլյումժինովն ընդգծել է, որ նման ծրագրի իրագործումը ՖԻԴԵ-ի գործունեության առանցքային խնդիրներից մեկն է և հայաստանյան փորձին ծանոթանալով հնարավոր կլինի իմանալ Հայաստանի շախմատի դպրոցի և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի որոշ գաղտնիքներ, պատկերացում կազմել, թե ինչպե՞ս է Հայաստանի շախմատի ֆեդերացիան կարողացել հասնել այսպիսի հաջողությունների, ինչպիսի՞ դժվարություններ են հաղթահարվել շախմատը դպրոցում ներդնելու ուղղությամբ:
Այս և այլ հարցեր, ՖԻԴԵ-ի նախագահի տեղեկացմամբ, կքննարկվեն նախագահական խորհրդի նիստի ժամանակ: