Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
937 թվականին հայոց թագավորական դինաստիայի` Բագրատունիների կառուցած Կարսի Առաքելոց եկեղեցին իր գոյության 1076 տարիների ընթացքում 4 անգամ վերածվել է մզկիթի, 1 անգամ` թանգարանի: Այս մասին թուրքական «Անատոլիա» (Anadolu) լրատվական գործակալության թղթակցին հայտնել է Կարսի մշակույթի և զբոսաշրջության նահանգային կառույցի ղեկավար Հաքան Դողանայը:
Վերջինս իր կատարած պատմական անդրադարձում նշել է, որ եկեղեցին առաջին անգամ մզկիթի վերածվել է 1064 թվականին սելջուկների սուլթան Մելիքշահի կողմից: Երկրորդ անգամ մզկիթի է վերածվել օսմանցիների կողմից 1579 թվականին: 1877-1879թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Կարսը 40 տարի մնում է ռուսական տիրապետության տակ: Այդ ընթացքում Կարսի Առաքելոցը վերածվում է ուղղափառ եկեղեցու և 1890-ին համալրվում հարևանությամբ կառուցված զանգակատնով, որը, սակայն, քանդվում է 1918-ին: Օսմանցիները Կարսը վերանվաճելուց հետո դարձյալ եկեղեցին դարձնում են մզկիթ:
1970-1990 թվականներին ծառայել է որպես Կարսի էթնոգրաֆիայի թանգարան: Այնուհետև շենքային պայմանների անբավարարության պատճառով դադարել է թանգարան լինելուց: 9 տարի շարունակ մատնվել է անտերության: Կարսի Առաքելոց եկեղեցին չորրորդ անգամ մզկիթի է վերածվում Թուրքիայի հանրապետական շրջանում: Հիմնադրամների միջոցներով վերանորոգվելուց հետո ստանում է մզկիթի կարգավիճակ և մինչև օրս գործում որպես այդպիսին: