Քարոզարշավի մեկնարկ. գնահատում են քաղաքագետները
Քաղաքական
20:39 23/01/2013

Քարոզարշավի մեկնարկ. գնահատում են քաղաքագետները

 Երկու օր է, ինչ պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրությունները: Քարոզարշավի մեկնարկի, թեկնածուների ընտրած մարտավարության և քաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետների հետ:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով քարոզարշավի մեկնարկը կարելի է համարել բնականոն և, ինչ-որ տեղ, սպասելի:

«Անսապասելի ինչ որ քայլեր թեկնածուների կողմից դեռևս չկան: Քաղաքական գործիչներից յուրաքանչյուրը փորձում է օգտագործել ձեռքի տակ եղած լծակները: Գործող նախագահը հանդիպումներ է անցկացնում հանրապետության տարբեր մարզերում և փորձում է ներկայացնել այն հաջողությունները, որոնք գրանցվել են նրա պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում: Մույս գործիչները ևս անում են քաղաքական հայտարարություններ, որոշ թեկնածուներ հացադուլներ են հայտարարում: Իմ կարծիքով, ընթանում է նորմալ, հետխորհրդային բոլոր երկրներին բնորոշ քաղաքական գործընթաց»,- նշեց Սերգեյ Մինասյանը:

Անդրադառնալով գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախըտրական քարոզարշավի մեկնարկին, բանախոսը նշեց, որ գործող նախագահը շեշտը դրել է իր նախորդ պաշտոնավարման տարիներին գրանցված հաջողությունների վրա, ինչը, քաղաքագետի կարծիքով, բնական է:

Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ բանախոսի, իր քարոզարշավը փորձում է խարսխել իշխանությունների գործունեության խոցելի կողմերը վեր հանելու վրա` լինի դա սոցիալ-տնտեսական զարգացումների, ներքին և արտաքին քաղաքական հարցերի կոնտեքստում:
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը իր ռեսուրսների սղության պատճառով փորձում է շեշտը դնել այն հարցերի վրա, որոնց նա առավել իրազեկ է` ԼՂ հիմնախնդիր և ադրբեջանահայությանը առնչվող հարցեր:

Ինչ վերաբերում է նախին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ապա վերջինս փորձում է հիմնվել «Նախկին արմատական էլեկտորատի վրա» և իր շուրջ համախմբել այն զանգվածներին, որը 2008 թ. քվեարկել էր Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին:
«Իհարկե, ամբողջապես սույն ընտրազարգվածը իր կողմը գրավել նա դժվար թե կարողանա, բայց այն, որ Հ. Բագրատյանը փորձում է հիմնվել հենց այս զանգվածների վրա, աներկբա է»,- նշեց Սերգեյ Մինասյանը:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, քաղաքագետի կարծիքով, շեշտը դնելու է դեռևս խորհրդային շրջանից գործող, հայտնի այլախոհի իր կերպարի վրա: «Գաղափարախոսական այս շեշտը իր դեպքում ավելի նկատելի կլինի»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Պատասխանելով Արամ Հարությունյանի գործունեության վերաբերյալ հարցին, քաղաքագետը նշեց, որ այս թեկնածու վերաբերյալ առանձնապես ասելու բան չունի, այն տեսանկյունից, որ վերջինս «առաջադրվել է զուտ առաջադրվելու համար»:

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ըստ քաղաքագետի, փորձում է օգտագործել իր «սպեցիֆիկ կերպարը` հույս ունենալով, որ այն շատ ավելի կհետաքրքրի ընտրողին, քան թե լուրջ քաղաքական հայտարարությունները»:

Ինչ վերաբերում է Անդրիաս Ղուկասյանի` գործող նախագահի գրանցումը անվավեր ճանաչելու պահանջին և այդ կապակցությամբ անժամկետ հացադուլ հայտարարելու որոշմանը, ապա ըստ քաղաքագետի, վերջինս ընդամենը «փորձում է օգտագործել այն քաղաքական ռեսուրսը, որն իր կարծիքով առավել էֆեկտիվ է»:

ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Հասմիկ Շափաղաթյանի կարծիքով, մեկնարկած նախընտրական քարոզարշավը ներկա փուլում առանձնանում է իր «պասիվությամբ»:

«Ներկա նախընտրական քարոզարշավը առանձնանում է նրանով, որ ՀՀ նորանկախ պատմությանը ընթացքում երբևիցե թեկնածուների նման պասիվություն չի նկատվել»,-նշեց Հ. Շափաղաթյանը` հավելելով, որ ներկայումս առավել նախընտրելի քարոզարշավ են իրականացնում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը և «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:


«Մնացած թեկնածուները կարծես թե խաղում են ընտրողների էմոցիաների վրա: Մեկը դա անում է հացադուլով, մյուսը` պատրաստվում է հացադուլի և այլն: Այսինքն` դասական քարոզարշավ, որպես այդպիսին, նկատելի չէ»,- ասաց Հասմիկ Շափաղաթյանը:

Ինչ վերաբերում է Անդրիաս Ղուկասյանի հացադուլին, ապա ըստ քաղաքագետի, սա ընդամենը բոյկոտի մի ձև է, որը ներկա հայաստանյան իրականության պայմաններում չի կարող համարվել արդյունավետ:

«Այսօրվա իրավիճակում ժողովուրդը ցանկանում է լսել իրեն հուզող հարցերի պատասխանները: Երբ թեկնածուն չի մատնանշում խնդիրների լուծման իր կողմից առաջարկվող ուղիները, չի խոսում ժողովրդի հետ իրեն հասկանալի լեզվով, ապա դա ընկալվում է հասարակության շատ չնչին զանգվածի կողմից»,- ասաց Հ. Շափաղաթյանը:

Անդրադառնալով Արամ Հարությունյանին` բանախոսը նշեց, որ վերջինիս հետ կապված իր դիտարկումները «քաղաքագիտական լինել չեն կարող, որովհետև իր կողմից կիրառված մեթոդները հեռու են քաղաքագիտությունից: Այն, ինչ ինքն է ընտրում և ինչին ինքն է դիմում, որևէ կապ չունի քաղաքական արշավի տրամաբանության հետ: Նա քաջ գիտակցում է, որ իր առաջադրումը ոչնչի չի հանգեցնելու: Իր ագրեսիվ, ներվային պահվածքը դա պարզորոշ ցույց է տալիս»:

Քաղաքագետի խոսքերով, վերջինս ընտրություններին առաջադրվելու միջոցով պարզապես փորձում է լուծել իր հանրաճանաչության հարցը:

Ինչ վերաբերում Րաֆֆի Հովհաննիսանի ընտրողների հետ անմիջական շփվելու մոտեցմանը, ապա ըստ քաղաքագետի, դա կարող է ունենալ նշանակալի ազդեցություն:

«Այսօր մեր հասարակությունը իրեն այնքան արհամարհված է զգում, որ կարծես թե դրա կարիքը ունի: Հասարակությունը ցանկանում է, որ նախագահի թեկնածուն, և առհասարակ քաղաքական գործիչը մշտապես կանգնած լինի իր կողքին»,- ասաց ասաց Հ. Շափաղաթյանը:

Անդրադառնալով Արման Մելիքյանին բանախոսը նշեց, որ վերջինիս ներկա քաղաքական կեցվածքը կարելի է համարել արհամարհական, որը դժվար թե դրականորեն ընկալվի հանրության կողմից:

Հ. Շափաղաթյան նշեց, որ թե՛ Արման Մելիքյանը, և թ՛ե Էպոսագետ Վարդան Սեդրակյանը ինչպես և վերոհիշյալ Արամ Հարությունյանը, որոշակի առումով փորձում են լուծել հանրաճանաչության, մոռացված չլինելու խնդիրը:

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ապա ըստ, քաղաքագետի, նա խարիզմատիկ քաղաքական գործիչ է և լուրջ հետաքրքրություն կարող է հաղորդել նախընտրական գործընթացներին: Միևնույն ժամանակ բանախոսը նշեց, որ ներկա փուլում վերջինիս քարոզաշավը հետաքրքիր որակել չի կարող:

Placeholder
Քարոզարշավի մեկնարկ. գնահատում են քաղաքագետները