Ստամբուլի հայեր. Հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ «հայ» բառը հայհոյանք է
Իրավունք
12:18 26/01/2013

Ստամբուլի հայեր. Հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ «հայ» բառը հայհոյանք է

Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի գրասենյակի ներկայացուցիչները, վերջին ժամանակներս Սամաթիայում հայ տարեց կանաց նկատմամբ իրականացված հարձակումների առնչությամբ մամուլի ասուլիս են հրավիրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիքալ» (Radikal) օրաթերթը:

Կազմակերպության՝ խտրականության և այլատյացության դեմ պայքարի հանձնաժողովը, զրուցելով տուժածների հարազատների, հարևանների և Սամաթիայի բնակիչների հետ, կազմել է մի զեկույց: Այս մասին մամուլի ասուլիսի ժանանակ հայտարարել է Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի գրասենյակի նախագահ Մերալ Չըլդըրը:

Նա ասել է, որ Սամաթիայի հայ բնակիչներն անհանգստացած են, որ այս հանցագործություններն ազգային խտրականության հողի վրա են կատարվում:
«Նրանք ասում են, որ այս հանցագործությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ «հայ» բառը որպես հայհոյանք է օգտագործվում»,-ասել է Չըլդըրը:

Չըդլդըրը տեղեկացրել է նաև, որ իրենց կողմից պատրաստված զեկույցը ներկայացվելու է Ներքին գործերի նախարարություն՝ պահանջելով չեղյալ համարել մասնավորապես Մարիցա Քյուչյուքի գործի վերաբերյալ գաղտնիության որոշումը և անցկացնել բաց ու թափանցիկ հետաքննություն, ինչպես նաև հաշվի առնել բոլոր հանցագործությունների միջև առկա կապը և անհապաղ այլատյացությունը հանցագործություն համարող օրենք ընդունել:

Նշենք, որ միայն վերջին 1 ամսվա ընթացքում, Սամաթիա թաղամասում հարձակման է ենթարկել 4 հայ կին և սեփական բնակարանում դաժանորեն սպանվել` 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը: Կնոջ մարմնի վրա հայտնաբերվել էր դանակի 8 հարված:

Placeholder
Ստամբուլի հայեր. Հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ «հայ» բառը հայհոյանք է