Արտակ Շաքարյանը Թուրքիայում ներկայումս տիրող մթնոլորտը նմանեցնում է 1915 թվականին
Քաղաքական
13:08 29/01/2013

Արտակ Շաքարյանը Թուրքիայում ներկայումս տիրող մթնոլորտը նմանեցնում է 1915 թվականին

«Այսօր Թուրքիայում զարգանում է հակաքրիստոնեական մթնոլորտը՝ զուգորդվելով թուրք-քրդական հարաբերությունների բարելավմամբ»,-այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ խոսելով վերջին ամիսներին Ստամբուլում հայ կանանց վրա հարձակումների և սպանության մի դեպքի մասին:

«Դժվար է ասել, թե ով է իրոք մարդասպանը, սակայն փաստ է, որ դա հրահրվել է ազգայնականների կողմից», - ասաց նա, նմանեցնելով Թուրքիայում ներկայումս տիրող մթնոլորտը 1915 թվականին: Բանախոսի կարծիքով՝ Էրդողանի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը փորձում է ներքին ճակատ ստեղծել ոչ միայն հայերի, այլ՝ ամբողջ քրիստոնյա բնակչության դեմ՝ ազգայնականներին սիրաշահելու և քաղաքական հավելյալ դիվիդենտներ ձեռք բերելու համար:

Թուրքագետի կարծիքով՝ տարեց կանանցից հետո վտանգի տակ են Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացիները, որոնք բնակվում են այնտեղ ապօրինի: «Նրանք չեն կարող դիմել որևէ մեկին` անվտանգությունն ապահովելու համար, քանի որ գիտեն՝ կամ ոստիկանությունը կպահանջի կաշառք, կամ՝ կիրականացնի դեպորտացիա Հայաստան: Բնականաբար՝ հաջորդ զոհը կարող են լինել ՀՀ քաղաքացիները»,-ասաց փորձագետը:

Նրա կարծիքով, ոչ նվազ դերակատարություն այս գործընթացներում ունի նաև Թուրքիայի ադրբեջանական համայնքը, որը ամեն տարի «Խոջալուի» օրերին հակահայկական քայլերի է հրահրում թուրք ազգաբնակչությանը: «Ադրբեջանցիներին ձեռնտու են Թուրքիայում ազգայնականության աճը և թուրքերի ձեռքով հայերի սպանությունները»,-կարծիք հայտնեց Ա.Շաքարյանը:

Ինչ վերաբերում է հայերի պաշտպանության ցույցերին, բանախոսը նշեց, որ հակված է հավատալ դրանց մասնակիցների անկեղծությանը: Միաժամանակ, նրա կարծիքով, այդ ցույցերի մասնակիցների շարքերում կարելի է տեսնել նաև ձախ ուղղվածության, հակակառավարական անձանց: «Այդ ցույցերը, փաստորեն, ունեն երկու ուղղվածություն. մեկը՝ պաշտպանել հայերին, մյուսը, որը հիմնարարն է՝ հանդես գալ ընդդեմ կառավարության»,-հավելեց բանախոսը:

Հարցին, թե արդյոք ինչպես կարող են թուրքական իշխանությունները համադրել նման ազգայնական քաղաքականությունը եվրոպական կառույցներին ինտեգրվելու ցանկության հետ, Ա.Շաքարյանը շեշտեց, որ Էրդողանը փորձում է խաղալ հակասությունների վրա:
«Էրդողանին ձեռնտու է ներկա ներքաղաքական վիճակը՝ ազգայնականների ձայներ վերցնելը՝ սահմանադրական փոփոխությունների և նախագահ դառնալու համար, քան Եվրոպա գնալու մտադրությունը: Մի կողմից՝ Թուրքիայում վերականգնում են հայկական եկեղեցիները, մյուս կողմից` ավերում դրանք»,- պարզաբանեց նա:

Փորձագետի կարծիքով՝ թուրքական այդ քաղաքականությանը դիմակայելու համար անհրաժեշտ է ամեն ինչ անել, որ միջազգային հանրությունն անդրադառնա այդ հարցերին և ստիպի թուրքական իշխանություններին ապահովել քրիստոնյա և հատկապես՝ հայ բնակչության անվտանգությանը:

Նա ցավով փաստեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ցանկացած քայլ առաջին հերթին անդրադառնում է թուրքաբնակ հայության վրա:

«Հայկական համայնքը պատանդ է, և ամեն մի զարգացում, որն ուղղված է Ցեղասպանության ճանաչմանը՝ զգում են հայկական հիվանդանոցներն ու դպրոցները: Ամեն մի հայկական բանաձևի ժամանակ՝ առաջին հարվածը զգում են հայերն իրենց վրա՝ նույնիսկ տաքսու վարորդի մակարդակով: Սրան սատարող միջավայրը ստեղծում է պետությունը», - ասաց նա:

Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում Արտակ Շաքարյանը խորհուրդ տվեց իշխանություններին ավելի սերտորեն համագործակցել միջազգային լրատվամիջոցների հետ՝ թուրքական լոբբինգը հաղթելու համար:

Placeholder
Արտակ Շաքարյանը Թուրքիայում ներկայումս տիրող մթնոլորտը նմանեցնում է 1915 թվականին